Հանրագիտարան

Ինդոնեզիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Ջակարտա
Տարածքը՝ 1.904,5 հզ. կմ2
Բնակչությունը՝ 219,9 մլն
Պետական լեզուն՝ ինդոնեզերեն
Դրամական միավորը՝ ինդոնեզական ռուփի

 

Աշխարհագրական դիրք
Ինդոնեզիան գտնվում է Հարավարևելյան Ասիայում՝ բուստային ծանծաղուտներով շրջապատված շուրջ 13,5 հզ. կղզիների վրա: Խոշոր կղզիներից են Ճավան, Սումատրան, Սուլավեսին, ինչպես նաև Կալիմանտանը և Նոր Գվինեան, որոնց միայն մի մասն է զբաղեցնում Ինդոնեզիան: Այդ հսկայական կղզեաշխարհն ասես ցամաքային Ասիան Ավստրալիային կապող մի բնական կամուրջ լինի: 
 
Պատմություն
Երկրի ներկայիս անունը 1884 թ-ին «կնքել է» գերմանացի ճանապարհորդ Ա. Բաստիանը՝ միացնելով Ինդիա՝ Հնդկաստան, և հունարեն «նեսոս»՝ կղզիներ, բառերը:
Ինդոնեզիան գտնվում է երկրագնդի համեմատաբար երիտասարդ և երկրաշարժամետ շրջանում: Այնտեղ կա 500 հրաբուխ (80–100-ը՝ գործող), որոնք երկրաշարժերի հետ մշտապես մեծ վնաս են հասցնում երկրին: 1883 թ-ի Կրակատաու հրաբխի ուժեղ ժայթքումից վերացել է համանուն կղզու մի մասը, իսկ 1927–29 թթ-ին ժայթքումների արդյունքում առաջացել է Անակ Կրակատաու (Կրակատաուի զավակ) կղզին:
 
Կլիմա
Ինդոնեզիայի կլիման հասարակածային է. տարվա եղանակները գրեթե արտահայտված չեն. արևադարձային տաք արևն առատորեն գոլորշիացնում է շրջակա ծովերի ու ներքին ջրամբարների ջրերը, որի հետևանքով երկրում օդի խոնավությունը բարձր է: Ինդոնեզիայի բուսական և կենդանական աշխարհները բացառիկ հարուստ են, շատ են բնաշխարհիկները: Կալիմանտան և այլ կղզիներում պահպանված կուսական անտառներում հանդիպում են հսկայական ծառեր, որոնց բարձրությունը հասնում է 80 մ-ի, իսկ բնի տրամագիծը՝ 2 մ-ի: 
 
Կենդանական աշխարհ
 Միայն Սումատրա կղզում ապրում է կաթնասունների`   170, թռչունների՝ 430, սողունների 200 տեսակ: Սումատրայի և Կալիմանտանի ճահճառատ անտառներում են բնակվում մարդանման խոշոր կապիկները՝ օրանգուտանները (մալայերեն «օրանգուտան» նշանակում է անտառի մարդ): Այստեղ ապրող «Կոմոդո կղզու վիշապը» (Կոմոդյան վարան) աշխարհի ամենախոշոր մողեսն է, որի երկարությունը 3,5 մ է, քաշը՝ 150 կգ: Դա շատ արագաշարժ գիշատիչ է, որի զոհն են դառնում փոքրիկ եղջերուները, վայրի խոզերն ու կապիկները: Ինդոնեզական կղզիների թռչնաշխարհը մի իսկական թագավորություն է. ուշագրավ են հսկայական ռնգեղջյուր-թռչունը, սիրամարգի ցեղակից արգուսը, անսովոր վառ գույների փետուրներով դրախտային թռչունները:
 
Բնակչություն
Ինդոնեզիայի բնակչությունը խիստ բազմազգ է. բնակում են մոտ 300 ժողովուրդ ու ազգություն, իսկ լեզուների ու բարբառների թիվն անցնում է 1000-ից: Հանրապետության քաղաքացիներն իրենց կոչում են «օրանգ Ինդոնեզիա», այսինքն՝ ինդոնեզացիներ: Նրանց նախնիները եղել են հմուտ ծովագնացներ, որոնք կտրել-անցել են հեռավոր ծովեր ու օվկիանոսներ: Բազմաթիվ պտուղներ ու բանջարեղեն, դեղաբույսեր (տարո, մշկընկույզ, հավանաբար նաև բրինձ), որոնց հայրենիքը Հարավարևելյան Ասիան է, աշխարհին հայտնի են դարձել ինդոնեզացիների շնորհիվ:
 
Գյուղատնտեսություն, արդյունաբերություն,  մշակույթ
Ինդոնեզացիները նաև հրաշալի արհեստագործներ են: Նրանց հմուտ ձեռքերով փայտի անշունչ կտորը կենդանանում և ստանում է կենդանու կամ առասպելական հերոսի արտահայտիչ կերպարանք, արծաթի ձուլակտորը վերածվում Է նրբագեղ զարդանախշերով հիասքանչ սկահակի: 
Ինդոնեզիան ուշագրավ է նաև իր ուրույն ճարտարապետությամբ: Երկրի ազգային ճարտարապետության հրաշալիքներից է
Բորոբոդուր բուդդայական տաճարը, որը կառուցվել է VIII դարի վերջին և IX դարի սկզբին Ճավա կղզու կենտրոնում՝ Ջոկյակարտա քաղաքից ոչ հեռու: Դա քառակուսի հիմքով սանդղավոր կառույց է, որի բարձրությունը 31,5 մ է: 10 սանդղավանդները զարդարված են Բուդդայի կյանքի տարեգրությունը պատկերող խորաքանդակներով, որոնց ընդհանուր երկարությունը գրեթե 2 կմ է: 
Երեք ու կես դար Ինդոնեզիան եղել Է Հոլանդիայի գաղութը: Օգտվելով տեղի ավատատեր կառավարողների երկպառակություններից և ունենալով ռազմական առավելություն՝ հոլանդական գաղութարարները տիրել էին ամբողջ Ինդոնեզիային, որն իր տարածքով 57 անգամ մեծ էր բուն մետրոպոլիայից՝ Հոլանդիայից: Հակագաղութային պայքարը, սակայն, շարունակաբար աճելով, մեծ ծավալ ստացավ հատկապես 1939–45 թթ-ի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և 1945 թ-ի օգոստոսի 17-ին ավարտվեց Ինդոնեզիայի անկախության հռչակմամբ:
Ինդոնեզիան գյուղատնտեսական երկիր է: Բնակչության 3/4-ից ավելին ապրում է գյուղերում: Գյուղատնտեսական և արդյունաբերական հիմնական կենտրոնը Ճավա կղզին է, որին բաժին է ընկնում Ինդոնեզիայի տարածքի 7%-ը, բնակչության 60 %-ը, արդյունաբերական ձեռնարկությունների 70 %-ը: Այստեղ են գտնվում առավել խոշոր քաղաքները՝ մայրաքաղաք Ջակարտան, Սուրաբայան և Բանդունգը: 
Ինդոնեզիայում արդյունահանում են նավթ (Սումատրա և Կալիմանտան կղզիներում), բնական գազ, անագ (Բանկա և Բելիտունգ կղզիներում, որոնց երբեմն անվանում են անագե կղզիներ): Մշակում են բրինձ (տարեկան հավաքում են 2 բերք), կոկոսյան արմավենի, ադամաթուզ, պապայա (հնդկական սեխ), սուրճ, թեյ, շաքարեղեգ, հեվեյա (կաուչուկատու ծառ) և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: