Հանրագիտարան

Բոլիվիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Լա Պաս
Տարածքը՝ 1.098,6 հզ. կմ2
Բնակչությունը՝ 9,63 մլն
Պետական լեզուն՝ իսպաներեն
Դրամական միավորը՝ բոլիվիանո

 

Բոլիվիան պետություն է Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում: 
Մակերևույթը լեռնային է: Տարածքը զբաղեցնում են Կենտրոնական Անդերի լեռնաճյուղերը (Արևմտյան Կորդիլիերա, Ռիալ Կորդիլիերա, Կենտրոնական Կորդիլիերա) և դրանց միջև գտնվող Պունա սարահարթը: Հարթավայրերը գտնվում են հյուսիս-արևելքում և աստիճանաբար իջնում են դեպի Ամազոնի դաշտավայր: Կան անագի, նավթի, գազի, պղնձի, ցինկի, կապարի, արծաթի հանքավայրեր:
 
Կլիման մերձհասարակածային և արևադարձային է, լեռներում՝ խիստ արտահայտված վերընթաց գոտիականությամբ: Գետերը՝ Բենին, Մամորեն և Գուապորեն, արագահոս են, ջրառատ և միախառնվելով առաջացնում են Մադեյրա գետը (Ամազոնի վտակ): Խոշոր լճերն են Պոոպոն և Տիտիկակայի արևելյան մասը:
 
Բնակչության 60 %-ը հնդկացիներ են՝ կեչուաներ, այմարաներ և այլք:Բոլիվիայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են հնդկացիական ցեղեր: Գրեթե 300 տարի երկիրը Իսպանիայի գաղութն էր`   Վերին Պերու անունով: Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում Սիմոն Բոլիվարի զորքերն ազատագրեցին երկիրը (1825 թ-ին) և, ի պատիվ նրա, անվանեցին Բոլիվիայի Հանրապետություն:
 
Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն է, գլխավորապես`   անագի, նավթի, ծարիրի, կապարի և ցինկի արդյունահանումը: Կան սննդի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ:
 
Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են սուրճը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը, ծխախոտը, կակաոն և այլն: Զբաղվում են նաև անասնապահությամբ:
 
Երկրում պահպանվել են հնդկացիների մշակույթի որոշ ավանդույթներ: Ազգային մշակույթի ամենաբնորոշ երևույթը դիմակահանդեսներն են, որ փետըրվար-մարտ ամիսներին կազմակերպվում են խոշոր քաղաքներում: Դիմակահանդեսների օրերին խաղացվում են ներկայացումներ (դիաբլադոս), որոնց հիմքում բարու և չարի պայքարն է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: