Հանրագիտարան

Արարատ

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Արարատ
Մակերես`   11 կմ²
Կլիմայի տեսակ`   չոր, խիստ ցամաքային
Խոսվող լեզուներ`   հայերեն
Բնակչություն`   20480 մարդ (2001)
Ազգային կազմ`   հայեր
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   արարատցի
Հեռախոսային կոդ`   +374 (238)
Փոստային ինդեքս`   0602
Ավտոմոբիլային կոդ 26

Արարատը քաղաք է Հայաստանի Արարատի մարզում: Այն գտնվում է Երևանից 48 կիլոմետր հարավ-արևելք:

 

Անվանում
Քաղաքը իր անվանումը ստացել է 1947 թվականին Արարատ լեռից, որը գտնվում է 7 կիլոմետր հեռավորության վրա`   Արարատյան դաշտում:
 
Պատմություն
Քաղաքը հիմնադրվել է 1939 թվականին`   մինչ օրս ունենալով Դևալու, Դավալի Դևալու անվանումները: Ներկայիս անվանումը ստացել է 1947 թ-ին: Սկզբնական շրջանում Արարատը նախատեսված է եղել որպես բնակատեղի կառուցվող ցեմենտի գործարանի աշխատողների համար, սակայն արագ աճի շնորհիվ դասվում է քաղաքատիպ ավանների շարքը, իսկ 1962 թ-ից հանդիսանում է քաղաքային բնակավայր:
 
Բնակչություն
Հիմնադրման պահին 1926 թ-ին բնակավայրն ունեցել է 45, 1939 թ-ին ունեցել է 2329, 1959 թ-ին`   5412, 1976 թ-ին`   ավելի քան 15000 բնակիչ, որոնք տեղափոխվել են հարակից գյուղական բնակավայրերից: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 19533 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք`   53%:
 
Տնտեսություն
Տնտեսության տեսակետից քաղաքի մասնագիտացման ճյուղը ծանր արդյունաբերությունն է: Քաղաքի մոտ է գտնվում հանրապետության երկու ցեմենտի գործարաններից մեկը`   Արարատի ցեմենտի գործարանը: Ցեմենտի գործարանին կից կառուցվել է ոսկու կորզման ֆաբրիկան, ընդ որում միակը Հայաստանում: Այստեղ բերվում և վերամշակվում է Սոթքի և Մեղրաձորի ոսկու հանքաքարը: Քաղաքում կան նաև գինու-կոնյակի և պահածոների արդյունաբերության ձեռնարկություններ, որտեղ արտադրվում է գինի, կոնյակի սպիրտ, մրգերի, բանջարեղենի պահածոներ:
Քաղաքն ունի դպրոցներ, գրադարաններ, մանկապարտեզներ, երաժշտական դպրոց, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց:
Մոտ 1 տասնյակի հասնող գործարանները, որոնք շրջապատում են քաղաքը, առաջացրել են լուրջ էկոլոգիական խնդիրներ, որոնցից է աղտոտված մթնոլորտային ավազանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: