Հանրագիտարան

Աստվածաշունչ

Աստվածաշունչը կամ Սուրբ Գիրքը քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքն է: Այն գրել են մարգարեներն ու առաքյալները՝ Աստծու ներշնչմամբ: Հենց այդ պատճառով այն ստացել է Աստվածաշունչ անվանումը:

Աստվածաշունչը Աստծու ստեղծագործության պատմությունն է: Այնտեղ ամփոփված են անհիշելի ժամանակներից եկող կյանքի փիլիսոփայությունը, մարդկանց կուտակած վիթխարի կենսափորձը, տիեզերքի և աշխարհի արարման ու պատմական անցքերի վերաբերյալ մեր նախնիների պատկերացումները: 

Սուրբ գրքի առանձին մասերը կամ գրքերը շուրջ 4 տասնյակ հեղինակներ գրել են 1500 տարվա ընթացքում: 
Աստվածաշունչը կազմված է Հին և Նոր կտակարաններից:
Հին կտակարանը պարունակում է 48 գիրք և գրվել է Հիսուս Քրիստոսի ծննդից առաջ: Հին կտակարանը բաժանվում է 4 հիմնական մասերի՝ Օրենք, որը պարունակում է Հնգամատյանը (Մովսեսի հինգ գրքերը), Պատմական գրքերը, Մարգարեներ և Իմաստասիրական մատյաններ: 
 
Հին կտակարանն արարչագործության մասին  է. սկզբում Աստված արարել է տիեզերքը`   երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը, բուսական և կենդանական աշխարհները, ապա՝ առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային, նրանց բնակեցրել դրախտում: Ադամը և Եվան, հետևելով չարի (սատանայի) խորհրդին, մեղանչել են Աստծու դեմ և արտաքսվել դրախտից: Առաջին մեղքի հետևանքով մարդը դարձել է մահկանացու և ավելի ու ավելի հեռացել Աստծուց: 
 
Հին կտակարանում խոսվում է  մարդու հետ Աստծու ուխտի մասին, Փրկչի մասին, ով պիտի փրկեր մարդկությանը չարի տիրապետությունից: Փրկչագործությունն Աստվածաշնչի առանցքային թեման է, որով կապակցվում են Հին և Նոր կտակարանները: Հին կտակարանի գրեթե բոլոր գրքերում՝ մարգարեություններում, սաղմոսներում, խոսվում է Փրկչի գալստյան մասին: 
 
Նոր կտակարանը գրվել է Քրիստոսի ծննդից հետո՝ առաջին դարում, որով սկսվել է մեր թվականությունը:
Նոր կտակարանում՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի Ավետարաններում, պատմվում է Փրկչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան, կյանքի, վարդապետության և զոհաբերության մասին: Հիսուս Քրիստոսին աստվածային հղությամբ ծնել է Սուրբ Կույս Մարիամը: Հիսուսն իր վրա է վերցրել ամբողջ մարդկության մեղքը և խաչվել`   հաղթելով սատանային:
 
Տիրոջ փրկությամբ մարդկությունը միացավ ստեղծողին՝ Արարչին: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից հետո նրա աշակերտները՝ առաքյալները, տարածեցին Քրիստոսի փրկության ավետիսը՝ բարի լուրը:
Նոր կտակարանում են զետեղված նաև առաքյալների նամակները, որտեղ ամփոփված է Տիրոջ խոսքը՝ ուղղված քրիստոնյաներին, նաև Հայտնությունը, որտեղ պատմվում է աշխարհի վախճանի մասին: 
 
Հին կտակարանը գրված է հին եբրայերենով, մասամբ՝ արամերենով, Նոր կտակարանը՝ հիմնականում հին հունարենով: Աստվածաշունչը թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Հայերեն թարգմանվել է V դարում՝ գրերի գյուտից անմիջապես հետո:  Թարգմանել են Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը և նրանց աշակերտները: Աստվածաշնչի  հայերեն թարգմանությունն այնքան բարեխիղճ ու կատարյալ է, որ ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը (1661–1719 թթ.) համարել է «Թագուհի թարգմանությանց»: 
 
Աստվածաշունչը մեծապես նպաստել է քրիստոնյա ժողովուրդների  մտավոր ու հոգևոր զարգացմանը: Աստվածաշնչյան թեմաներով ստեղծվել են գրական և գեղարվեստական բազմաթիվ երկեր:
Աստվածաշունչը դաստիարակում է, որ սիրենք Աստծուն ամբողջ սրտով ու ամբողջ էությամբ և սիրենք ընկերոջը, և նրա համար անենք այն ամենը, ինչ ցանկանում ենք, որ մարդիկ մեզ համար անեն:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: