Հանրագիտարան

Ալեքսանդր Սպենդիարյան

Ալեքսանդր Սպենդիարյանը տաղանդավոր կոմպոզիտոր է, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտության ուսուցիչ, դիրիժոր :

 

Ալեքսանդր Աֆանասի Սպենդիարյանը (Սպենդիարովը) ծնվել է 1871թ. հոկտեմբերի 10-ին ռուսական Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, ով դաշնամուրի ուսուցչուհի էր: Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր և ջութակ նվագել է սովորել: 1890թ. պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա:
 1890-95թթ. սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Զուգահեռ նվագել է տարբեր անսամբլներում և համալսարանի ուսանողական նվագախմբում: 1892-94թթ. Մոսկվայում կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Ն.Ս. Կլենովսկու մոտ, իսկ 1896-1900թթ.`   Սանկտ Պետերբուրգում`   Ն.Ա. Ռիմսկի-Կորսակովի մոտ:
Նրա երաժշտական ճաշակի և ինքնատիպ ձեռագրի ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել մշակույթի առաջատար ռուս և հայ հանճարների շրջապատում գտնվելը, ինչի արդյունքում կայացել է Սպենդիարով երաժիշտն ու երգահանը:
Դեռ մանկության տարիներից նրան ծանոթ է եղել Ղրիմի ազգային երաժշտական ոճը: Երկար տարիներ բնակվել է Ղրիմում և ծավալել երաժշտական ակտիվ գործունեություն: Ղեկավարել է բազմաթիվ երաժշտական նվագախմբեր, հիմնել է տասնյակ երաժշտական դպրոցներ, մշակել է բազմաթիվ երգեր և ստեղծագործություններ: 
Հեղինակային համերգաշարերով հանդես է եկել Ռուսաստանի խոշոր քաղաքներում: 
1924թ. հաստատվել է հայրենիքում և ակտիվ մասնակցել Հայաստանի Գիտության և արվեստի ինստիտուտի, պետական կոնսերվատորիայի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության հիմնադրման աշխատանքներին: 
Իր ստեղծագործական կարիերայի բուռն ծաղկման շրջանում այնպիսի հրաշալի գործեր է ստեղծել, ինչպիսիք են «Ալմաստ» օպերան, «Երևանյան էտյուդներ» և «Ղրիմի էսքիզներ» ստեղծագործությունները:
Սպենդիարյանի ստեղծագործություններն առանձնանում են իրենց ազգային դիմագծին հավատարիմ մնալու յուրահատկությամբ, ռիթմիկությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ: 
Գրել է ստեղծագործություններ նվագախմբերի համար: Հայտնի են Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» մոտիվներով գրված «Այնտեղ, այնտեղ, դեպ վեր այն դաշտը», «Առ Հայաստան», «Մենք կհանգստանանք» և այլ ստեղծագործություններ:
Սպենդիարյանը անգնահատելի ավանդ է ունեցել հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի, դրա ոճական ինքնատիպության ձևավորման գործում: Սպենդիարյանը համարվում է նաև հայկական սիմֆոնիզմի հիմնադիրը:
Հայ դասականը մահացել է 1928թ. մայիսի 7-ին Երևանում: Մայրաքաղաքում հիմնվել է նրա անվան տուն-թանգարանը, նրա անունով է կոչվում Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը և Երևանի թիվ մեկ երաժշտական դպրոցը: Նրա երկերի ամբողջ ընտրանին լույս է տեսել 11 հատորյակով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: