Հանրագիտարան

Ազգերի լիգա

Ազգերի լիգան առաջին միջազգային կազմակերպությունն էր, որի նպատակներն էին խաղաղության պահպանումը և միջազգային համագործակցության զարգացումը: Ազգերի լիգան պաշտոնապես հիմնվել է 1920թ.-ի հունվարի 10-ին և դադարեցրել իր գործունեությունը 1946թ.-ի ապրիլի 18-ին՝ Միացյալ Ազգերի Կազմակերպության ստեղծումից հետո: Ազգերի լիգայում իրենց պրակտիկ արտահայտումը գտան այն բոլոր գաղափարներն ու ծրագրերը, որոնք առաջարկվում էին՝ սկսած 17-րդ դարից ընդհուպ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը:

1920թ. աշխարհում գոյություն ունեցող 65 խոշոր պետություններից բոլորը, բացառությամբ Սաուդյան Արաբիայի (1932թ. ստեղծված), այս կամ այն ժամանակահատվածում Լիգայի անդամ են եղել: Ազգերի լիգայի մասն էին կազմում Լիգայի անդամ պետությունները, Ժողովը, Խորհուրդը, Քարտուղարական կազմը, տարբեր տեխնիկական հանձնաժողովները և օժանդակ ծառայությունները:

 

Լիգայի կառուցվածքը, Ֆունկցիաներր և լիազորությունները սահմանված էին կազմակերպության Կանոնադրությունում: Տարեկան բյուջեն կազմում էր մոտովորապես 6 միլիոն դոլար: Լիգայի գլխավոր մարմինների գլխավոր գրասենյակը Ժնևում էր (Շվեյցարիա):

 

Ժողովն ընդգրկում էր բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչներին: Ժողովի նիստերն անց էին կացվում տարին մեկ՝ սեպտեմբերին, բացի դրանից ժամանակ առ ժամանակ հրավիրվում էին արտակարգ նիստեր: Ժողովի յուրաքանչյուր անդամն ուներ մեկ ձայնի իրավունք:

 

Ժողովն ուներ լայն լիազորություններ, որոնք ընդգրկում էին Լիգայի գործունեության ողջ բնագավարը: Սկզբնապես Խորհուրդը նախատեսված էր 9 պետությունների ներկայացուցիչների համար: ԱՄՆ-ի չմասնակցելը կրճատեց անդամների թիվը մինչև 8: Հետագա տարիների ընթացքում այս թիվը տատանվում էր, և 1940թ. հունվարի 1-ի դրությամբ Խորհրդի անդամների թիվը կազմեց 14:

 

Անդամակցությունը Խորհրդին կարող էր լինել մշտական, ոչ մշտական և ժամանակավոր: Լիգայի վարչական մարմինն էր Քարտուղարական կազմը: Քարտուղարական կազմը գործում էր մշտական հիմունքներով և մեծ ազդեցություն ուներ Լիգայի քաղաքականության վրա: Քարտուղարական կազմն առաջնորդվում էր Գլխավոր քարտուղարի կողմից, որը Լիգայի վարչական ղեկավար էր հանդիսանում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: