Հանրագիտարան

Աբեղա

Աբեղան (ասորերեն awila - չամուսնացած, մենակյաց), հայոց եկեղեցու կուսակրոն հոգևորականության ամենացածր աստիճանի վանականն է։

 

Քահանայությունը Հայ Առաքելական Եկեղեցում երկու տեսակ է`   ամուսնացյալ քահանայություն և ոչ ամուսնացյալ`   կուսակրոնություն (անվանվում է նաև աբեղայություն): Երկու աստիճաններն էլ համապատիվ են և տրվում են Պատարագի ընթացքում: Սարկավագին քահանա կամ աբեղա (կուսակրոն քահանա) է ձեռնադրում եպիսկոպոսը`   օծելով Սուրբ Հոգու շնորհները փոխանցող մեռոնով: Եպիսկոպոս Աբեղային հանձնում է նաև վեղար`   սև սրածայր գլխի ծածկոցը, որը խորհրդանշում է աշխարհիկ կյանքից հրաժարվելը (կուսակրոն հոգևորականի տարբերակիչ նշաններից է`   ի նշան իրենց ուխտի և հոգևոր աստիճանի): Աբեղան կուսակրոնության երդում է տալիս ձեռնադրության օրը`   երեկոյան: Նրանք ապրում են վանքերում։ Աբեղաները վարել են ճգնավորի և անապատաբնակի կյանք։
 
Աբեղան իր գործունեությամբ և հագուստով հիմնականում նման է քահանային, բայց ի տարբերություն վերջինիս, կարող է ձեռնադրվել վարդապետ, եպիսկոպոս և կաթողիկոս։ Նաև, գիտական աշխատանք կատարելու դեպքում, Աբեղաները ձեռնադրվում են են Վարդապետ, ինչը եկեղեցական-գիտական աստիճան է:
Կուսակրոն քահանային`   աբեղային (նաև վարդապետին) անվանում են Հայր Սուրբ, քանի որ սուրբ է կյանքի նրա ընտրած ճանապարհը: Առօրյայում ողջունելիս նրանց ասում են «Աստված օգնական, Հա’յր Սուրբ», ինչը նշանակում է, որ ողջունողը աղոթում է, որ Աստված օգնի Հայր Սուրբին իր դժվարին գործում: Գրավոր կերպով դիմելիս անվանում են Հոգեշնորհ Հայր Սուրբ կամ դիմում անվամբ`   օր. Հոգեշնորհ Տեր ԱՆՈՒՆ աբեղա ԱԶԳԱՆՈՒՆ:
 
«Աստված օգնական»-ով են ողջունում նաև կուսակրոն մյուս հոգևորականներին`   եպիսկոպոսին և կաթողիկոսին`   ավելացնելով համապատասխան դիմելաձևը (համապատասխանաբար Սրբազան Հայր կամ Վեհափառ Տեր):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: