Նորություններ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը առաջին անգամ կհնչի Ք. Կարա-Մուրզայի բազմաձայն պատարագը

Ուշագրավ 2013-10-24

Ս.թ. նոյեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը առաջին անգամ հնչելու է Կարա-Մուրզայի պատմական, հայկական առաջին բազմաձայն պատարագը՝ Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և գլխ. խմբավար` Հարություն Թոփիկյան) կատարմամբ: Այս մասին տեղեկացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը:
«Այդ ստեղծագործությունը մեծ արժեք է ներկայացնում, քանի որ առաջին բազմաձայն պատարագն է»,- ասաց նա: Նրա խոսքով, պատարագը մինչ այժմ չի կատարվել, քանի որ պատարագի ձեռագրերը համարվում էին կորած. «Այս պատարագի ձեռագրերը համարվում էին կորսված, սակայն մեր հայրենակից` Նյու-Յորքում բնակվող երաժշտագետ Գրիքոր Փիթեջյանի շնորիվ գտնվել են Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում, Լիմոնջյանական նոտայագրությամբ»: Բացի այս, պահոցում են եղել նաև մի քանի տասնյակ աշխարհիկ խմբերգային մշակումներ, որոնցից որոշները նույնպես կատարվելու են համերգի ընթացքում:
 
Այս տարի լրացել է հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ, երաժիշտ քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզայի (1853 թ.-1902 թ) 160-ամյակը: Նա հայ երաժշտության մեջ ներդրել է բազմաձայնությունը, ստեղծել խմբերգեր, որոնք մեծապես նպաստել են ազգային երաժշտական լեզվի մշակմանը և կոմպոզիտորական դպրոցի հիմնադրմանը:
 
Նա մշակել է բազմաթիվ հայկական ժողովրդական, աշուղական, հայրենասիրական երգեր, ինչպես նաև ռուսական, ուկրաինական, մոլդովական, վրացական, քրդական երգեր՝ նպաստելով տարբեր ազգությունների փոխադարձ ճանաչմանը: Մեծ ջանքերի շնորհիվ 1885 թվականին Թիֆլիսում Կարա-Մուրզային հաջողվել է կազմակերպել հայերի առաջին քառաձայն երգչախումբը և ներկայացնել հայկական բազմաձայն երգի առաջին համերգը: Երգչախումբը բաղկացած էր ընդամենը 15 երգիչներից, ծրագրում հիմնականում ընդգրկված էին հայ ազգային-հայրենասիրական երգերի բազմաթիվ մշակումներ:
Իր 17-ամյա համերգային գործունեության ընթացքում Կարա-Մուրզան Կովկասի 49 հայաշատ բնակավայրերում կազմակերպել է 92 երգչախումբ և հարյուրավոր համերգներ՝ հնչեցնելով իր մշակած բուն հայկական ժողովրդական երգերը՝ «Լեպհո՛, լե՜, լե՜ե», «Հո՛վ արեք, սարե՛ր ջանե», «Լորիկե», «Զինչ ու զինչե», «Զիմվզիե», «Գացե՛ք, տեսե՛ք ե», «Ալագյազե», «Քեզի մեռնեմե» և այլն: Նրա խմբերգերը մեծ դեր են կատարել հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում:
 
Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: