Նորություններ

2018-2019 քննական ժամանակացույցը և ընթացակարգը

Ուշագրավ 2019-03-11

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հաստատել է 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Համաձայն ժամանակացույցի` 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվելու է հունիսի 1-10-ը, 9-րդ դասարանում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի կենտրոնացված ավարտական քննությունը կանցկացվի մայիսի 26-ին, ավարտական քննությունները` հունիսի 1-21-ը: 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են՝ դեկտեմբերի 24-28-ը կամ հունիսի 1-21-ը: 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Ընդ որում, ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գերազանցության մեդալի հավակնորդներին թույլատրվում է մասնակցել քննության` համաձայն կրթության և գիտության նախարարության հաստատած անվանացանկի, իսկ քննությունից բացակայած կամ ուշացած մեդալի հավակնորդը զրկվում է մեդալ ստանալու իրավունքից: Քննություններ և ընթացակարգ Ավարտական և պետական ավարտական քննությունները սկսվում են ժամը 10:00-ին: Սովորողները ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 9:00-ին: Կենտրոնացված ավարտական քննությունը սկսվում է ժամը 11:00-ին: Սովորողները քննական կենտրոններ են ներկայանում ժամը 10:00-ին: Քննությունների միջև ընկած օրերին դասավանդող ուսուցիչները սովորողների համար քննական առարկաներից կազմակերպում են խորհրդատվություններ: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է. 1) «Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե, 2) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե, 3) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև՝ «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում, 4) Ազգային փոքրամասնությունների դասարաններում նաև՝ «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում, 5) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով: 6) Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են հաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է նախարարության կողմից երաշխավորված և հաստատությունում գործածվող դասագրքերից: 7) Հաստատության տնօրենը հաստատում է առաջադրանքները, կնքում և ծրարում: Ծրարներից մեկը բացվում է գիտելիքների ստուգման օրը` քննասենյակում, սովորողների ներկայությամբ։ 8) Գրավոր աշխատանքը գնահատվում է 10 միավորային համակարգով: 9) Գիտելիքների ստուգումն իրականացնում են դասավանդող ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը: 10) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների գիտելիքների ստուգման ժամանակ տրվում է լրացուցիչ 40 րոպե` ապահովելով սովորողի կարիքին համապատասխան պայմաններ: 9-րդ դասարանում ավարտական, կենտրոնացված ավարտական քննական թեստերի առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից, առաջադրանքներն ընտրվում են նախարարության կողմից երաշխավորված և հաստատությունում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից: 9-րդ դասարանի սովորողները հանձնում են ավարտական քննություններ. 1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` գրավոր (կենտրոնացված, թեստ). քննության տևողությունը` 120 րոպե, 2) «Գրականություն» առարկայից՝ բանավոր, 3) «Հայոց պատմություն» առարկայից՝ բանավոր, 4)«Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ). քննության տևողությունը` 120 րոպե, 5)«Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ գրավոր (թեստ). քննության տևողությունը` 120 րոպե, 6) «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ բանավոր, 7)«Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում), 8) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար գիտելիքների ստուգում անցկացվում է նաև «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր (քննաշրջանի ընթացքում), 9) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար (քննաշրջանի ընթացքում), 10) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի և «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկաների ավարտական քննությունների թեստերը կազմվում են ռուսերենով։ 11) Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաները «Հայոց լեզու և հայ գրականություն» կենտրոնացված ավարտական քննությունը հանձնում են իրենց դպրոցներում՝ աշխատակարգի պահանջներին համապատասխան: Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի կենտրոնացված ավարտական քննությունը կարող են հանձնել իրենց հաստատությունում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողի ընտրության: 12-րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական քննություններ. 1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ) քննության տևողությունը` 120 րոպե, 2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ)` քննության տևողությունը` 120 րոպե, 3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ)` քննության տևողությունը` 120 րոպե, 4) «Ֆիզկուլտուրա» առարկայից` նորմատիվների հանձնում (ստուգարք)՝ մայիսի 27-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում, 5) «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում, 6) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր` (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)` սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈւՊ): Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր հաստատություն: Հաստատության տնօրենը կամ նրան փոխարինող անձն ի պաշտոնե տվյալ քննական կենտրոնի ղեկավարն է: Կենտրոնացված ավարտական քննությունը կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն: Քննական կենտրոնների ցանկը, կենտրոնների ղեկավարների, ԳԹԿ ներկայացուցիչների, կազմակերպիչների և առարկայական հանձնաժողովների անդամների ցուցակը հաստատում է ԳԹԿ տնօրենը: Ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպիչներին, օգնականներին, հերթապահներին նշանակում է քննական կենտրոնի ղեկավարը: Կազմակերպիչները չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: