Նորություններ

Հանճարեղ Լոռեցին

Կրթական 2019-02-20

2019թվականի փետրվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց գրական-երաժշտական ցերեկույթ <<Հանճարեղ Լոռեցին>> խորագրով՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ, մեծաց մեծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Դասասենյակում Լոռվա զարմանահրաշ բնությունն է, Հովհաննես Թումանյանի մեծադիր նկարը, վահանակներ, գրքեր, ծաղիկներ, շվիի անուշ հնչյուններ… Դպրոցում տոնական տրամադրություն էր, Հովհաննես Թումանյանի շունչն էր ամենուր… Անմահ, հավերժական Թումանյան… Հմուտ, հանճարեղ Լոռեցի, որ պիտի ապրի, քանի ապրում է նրան ծնող ժողովուրդը: <<Անուշ>> օպերայի հոգեթով երաժշտության ներքո աշակերտներն իրենց մեծարանքն ու մեծ սիրո խոսքը մատուցեցին Մեծ Լոռեցուն՝ ներկայացնելով բանաստեղծի կենսագրությունը, պայծառ ու հանճարեղ ստեղծագործությունները, իմաստուն քառյակներն ու մտքերը, մեծերի խոսքերը… Միջոցառման մասնակիցները <<Ա՜խ, ինչ լավ է սարի վրա>> երգի հնչյունների ներքո վայելքի անկրկնելի պահեր պարգևեցին ներկաներին՝ հուզառատ ասմունքով, երգերի գեղեցիկ կատարումով: Դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը շնորհավորեց ցերեկույթի կազմակերպիչներին, մասնակիցներին և հորդորեց ընթերցել, սերտել և հիշել մեծ բանաստեղծի անմահ գործերը, որոնք մեզ ուղեկցում են մեր մանկությունից մինչև հասուն տարիք: Հ. Թումանյանը ժողովրդայնության անմար հմայք ունի, որը երբեք ու ժամանակի ընթացքում չի խամրելու: Հ. Թումանյանը մեծագույն, պայծառ, պարզ, զուլալ, վճիտ ու խորը կերպար է,որի անմահ հեքիաթները, պատմվածքները, պոեմները և մյուս գողտրիկ ստեղծագործությունները ընթերցողի մեջ սերմանում են մարդկային վեհ արժեքներ՝ ազնվություն, հայրենասիրություն, բարություն, ճշմարտացիություն, սեր… Միջոցառման ավարտին բոլորը գրքեր նվիրեցին միմյանց: Յուրահատուկ է Հ. Թումանյանի կերպարը նկարչության մեջ և գրողի ստեղծագործությունների պատկերային մեկնաբանություններում: Դպրոցի ճեմասրահում բացվեց ցուցահանդես <<Հ. Թումանյանը աշակերտների աչքերով>> և <<Հմուտ Լոռեցին>> խորագրերով: Ջ. Դանիելյան հ. լեզվի և գրականության առարկայական մ/մ նախագահ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: