Նորություններ

«Թաքնված» քաղաք Հանրապետության հրապարակի տակ

Ուշագրավ 2019-02-04

Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ պարզվել է, որ հրապարակի ողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են: Կառույցներն ուսումնասիրել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի ղեկավար Գրիգոր Կարախանյանը, հնագետներ Ֆրինա Բաբայանն և Աղավնի Ժամկոչյանը: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են հրապարակի և հարակից փողոցների ասֆալտի տակ պահպանված 17-րդ դարին պատկանող և անցյալ դարասկզբին քանդված շենքերի նկուղային հարկաբաժիններ: Քառակուսի հատակագծով սրահի տարբեր բաժանմունքները ստեղծվել են խաչվող թաղերով ավարտվող միջնապատերի շնորհիվ: Ըստ հնագետների՝ հրապարակում բացահայտված կառույցները 17-րդ դարի այն շենքերի նկուղներն են, որոնք պատկերվել են ֆրանսիացի ճանապարհորդներ Ժան Բատիստ Տավերնիեի և Ժան Շարդենի երևանյան համայնապատկերներում: Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1655 թ․-ին այցելել է Երևան, գծագրել այն: Նկարում մանրամասնորեն պատկերված է «Քրիստոնեական թաղամասը»՝ երկհարկ և եռահարկ քարի շենքերով: 1679 թ․-ին Երևանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը, ըստ Զաքարիա Սարկավագի թողած հիշատակությունների, ոչինչ «քարը քարի վրա չի թողել»: Շինություններն ավերվել են, սակայն մնացել են դրանց նկուղային հարկերը: Բացված նկուղներն ընդգրկում են հրապարակի ողջ տարածքը: Պատերի բարձրությունը 4.50 մետր է, սվաղը՝ 7 սմ: Կառույցները պահպանվել են ամբողջությամբ, մուտքերով: Հայտնաբերվել է գունազարդ խեցեղեն, աշխատանքային գործիքներ: Հայտնաբերվել են նաև Ապիրատ իշխանի կողմից 11 դարում կառուցված ջրատար խողովակներ, որոնք ծառայել են մինչև 19 դարը: Գիտնականներն, ուսումնասիրելով շինության պատերը, կարծել են, որ դրանք, աղյուսից են, սակայն հետո պարզվել է, որ պատերը կառուցված են հավասարաչափ կտրտված տուֆի սալիկներից: Գտածոները նաև խոսում են այն մասին, որ 17-18-րդ դարի Երևանը պատահական քաղաք չէր, այլ առևտրատնտեսական կենտրոն: Սակայն քաղաքի կենտրոնում պատահաբար բացված այս պատմական գանձարանը լիարժեք ուսումնասիրել չի հաջողվել. հապճեպ կատարված բարեկարգման աշխատանքների արդյունքում հրապարակի կենտրոնում կառուցվել է հայտնի խճանկարը, իսկ պեղված տարածքները ծածկվել են հողով ու ավազով։ 1837 թ․-ին Ցարական ժամանակաշրջանում սկսվել է Էրիվանի նոր նախագծի գծագրումը, որը հաստատվել է 1862 թ․-ին: Հենց այդ ժամանակ էլ կառուցվել է քաղաքի հրապարակը, որի տակ են անցել այս շինությունները: Այդ ժամանակ կառուցվել են նաև այսօրվա Արամի, Մաշտոց, Տերյան, Նալբանդյան և Հանրապետության փողոցները: Չի բացառվում, որ այդ փողոցներում էլ կարող է պատկերը նույնը լինել: Աղբյուրը՝ Operativ.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: