Նորություններ

Սեբաստացիների անակնկալ այցը

Կրթական 2019-01-31

Սեբաստացիների անակնկալ այցը Ամենայն հայոց բանաստեղծի հյուրընկալության մասին լեգենդ դարձաձ պատմությունները լոռեցու համար զարմանալի չեն այնքան, որքան Հայաստան աշխարհի այլ բնագավառների բնակիչների համար, քանզի լոռեցին նույնքան հյուրընկալ է ու հյուրասեր, որքան իր ծոցից դուրս եկած բանաստեղծը: Եվ գուցե քաջատեղյակ այս հյուրընկալությանը՝ հունվարի 23-ին Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սաները կրթական փոխանակումներ ծրագրի շրջանակներում այցելեցին Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոց: Քսաներեքերորդցիները լոռեցուն հատուկ սիրառատությամբ, պարզ ու խինդով առլեցուն ժպիտով, հարազատի ջերմությամբ դիմավորեցին հյուրերին՝ մատուցելով այն Թումանյանի՝ սիրելի դարձած հերոսների կերպարներով: Հանդիպումը երկուստեք ջերմ էր, անմիջական: Սեբաստացիների՝ ավանդույթ դարձած այցելություններից հերթականն այս անգամ Վանաձորի կրթօջախ էր բերել ջերմություն, սրտի խոսք ու երգ: Կրթօջախի պատերի ներսում տեղի ունեցած տաք շփումները, երգն ու ասմունքը, քաղցր զրույցը առանձնահատուկ փայլ հաղորդեցին հանդիպմանը: Հերթական անգամ 23 հիմնական դպրոցում թևածեց հոգևոր լիցքեր ճառագող համընդհանուր խանդավառությունը, որն աստիճանաբար վերափոխվեց ու վերածվեց ընտանեկան տոնի: Սեբաստացիների այս այցելությունը պերճախոս վկայությունն է դարերով ամրագրված ասպնջական լոռեցու կենսակերպը: Հյուրերը դատարկաձեռն չէին եկել: Նրանք տնօրեն Տ. Հովսեփյանին սիրով նվիրեցին կրթահամալիրի սաների կողմից պատրաստած խորհրդանշական նվեր-ները, քսաներեքերորդցիները նույնպես նրանց հանձնեցին իրենց ձեռքի աշխատանքներից նմուշներ: Փոքրիկ սեբաստացիներին ուղեկցում էին իրենց ուսուցիչներ ընկեր Անահիտը և ընկեր Իվետան:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: