Նորություններ

Հաշտ ապրենք

Կրթական 2018-12-29

ՀՀ-ն գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, ինչը նշանակում է, որ այստեղ եղել են, լինում են և կլինեն տարբեր ուժգնության երկրաշարժեր: Եվ որքան մեր հասարակությունը շուտ ընդունի այդ փաստն ու բնության խաղի կանոնները` փորձելով հաշտ ապրել նրա հետ, արմատապես փոխի իր վերաբերմունքը երկրաշարժ երևույթի նկատմամբ, այնքան շուտ կհաղթահարենք դրա հետ կապված հոգեբանական և տնտեսական խնդիրները: Այդ նպատակով պետք է կրթությունը ծառայեցնել մարդկանց`ոչ միայն իրազեկելու, այլև պաշտպանելու համար: Դեկտեմբերի 21-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում աշխարհագրության ուսուցչուհի Ն. Գաբրիելյանի կազմակերպած բաց դասախոսությունը այդ նպատակին հասնելու մի քայլ էր: Ներկա գտնվող աշակերտները և ուսուցիչները նախ թեստեր լրացրին, որի նպատակը երկրաշարժի և դրա հետ կապված վարքականոնների մասին նախնական գիտելիքների ճշտումն էր: Ապա ներկայացվեց երկրաշարժ բնական երևույթի առաջացման պատճառները, տարածման օրինաչափությունները ու հետևանքները, որոնք ավելի ակնառու դարձան տեսաֆիլմերի, գրաֆիկական մոդելների ցուցադրման շնորհիվ: Խոսվեց Սպիտակի երկրաշարժի հետևանքների, մեծ թվով զոհերի ու ավերածությունների պատճառների մասին, ցավոք շատ շուտ ենք մոռացել`հույսով, որ երկրաշարժ այլևս չի լինելու(ինչը իհարկե կատարյալ անմտություն է): Ցուցադրվեց ՀՀ ԱԻՆ-ի կողմից պատրաստված «Հաշտ ապրենք երկրաշարժի հետ» տեսաֆիլմը: Վերջում ներկայացվեց աշակերտների կողմից արված ֆոտոշարքը` որտեղ ներկայացված էին Դիմաց թաղամասի շինարարական և կառուցապատման խախտումները, որոնք խաթարում են շենքերի սեյսմիկ անվտանգությունը և կարող են խոչընդոտել արտակարգ իրավիճակների ժամանակ իրականացվող աշխատանքներին:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: