Նորություններ

‹‹Ա›› տառի թագադրում

Կրթական 2018-11-17

Սևանի №4 հիմնական դպրոցի Iա դասարանում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ ‹‹Ա›› տառի թագադրումը թեմայով (դասվար՝ Կարապետյան Տանյա): Գեղեցիկ կահավորված դասարանում աշակերտները, ‹‹հաղթահարելով›› բոլոր փորձությունները, գտան տառերի աշխարհ տանող գաղտնարանի բանալին, հանդիպեցին Այբբենարանին: Այդ ընթացքում նրանք պատասխանեցին հարցերի, գտան հանելուկների պատասխանները, խմբային աշխատանքով կատարեցին բառերի հնչյունային վերլուծություն: Միջոցառումը ընդմիջվում էր փոքրիկների ասմունքով, երգ ու պարով, իսկ ‹‹Ա›› տառով սկսվող անձնանուն ունեցողները թագադրվեցին թագերով: Նույն օրը տոն էր նաև դպրոցի Iբ դասարանում: Դասվար Հելվեցիա Քոչարյանի անցկացրած բաց դասը նվիրված էր ‹‹Ա-ա›› հնչյուն-տառի ուսուցմանը: Թեմատիկ նկարներով ու այլ ցուցադրական նյութերով կահավորված դասարանում աշակերտները պատասխանեցին հարցերին, բանաստեղծություններ նվիրեցին իրենց խմբերին, մեկնաբանեցին տրված բառերի կազմը (հնչյուն, տառ, վանկ): Ցուցադրվեց մեծադիր ‹‹Ա›› տառը: Փոքրիկները խոսեցին Մեսրոպ Մաշտոցի մասին, երդվեցին անաղարտ պահել մայրենին: Աշակերտները ուսուցչուհու օգնությամբ թվեցին ‹‹ա››-ով սկսվող բառեր, մեկնաբանեցին թեմատիկ նկարը, տառադարանում գտան ‹‹Ա-ա›› տառի տեղը: Ֆիզկուլտ-դադարներին փոխարինեցին երգերը: Բացատրվեց ‹‹Ա-ա›› տառի գրելաձևը: Բոլոր աշակերտները ուսուցչուհու կողմից ստացան ‹‹Ա››-ով հուշանվերներ, իսկ մի քանիսը նաև թագադրվեցին, քանի որ անունները սկսվում էին ‹‹Ա›› տառով: Ուսուցչուհիները կատարել էին մեծ աշխատանք, ինչը գովեստի արժանացավ տնօրենության կողմից:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: