Նորություններ

Ստեփանակերտի օդանավակայանի առաջին թռիչքը դարձյալ հետաձգվում է

Ուշագրավ 2013-02-05

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման համար հայտարարված մեկ ամիսը մոտենում է ավարտին, սակայն այնտեղից ինքաթիռ որևէ ուղղությամբ դեռ օդ չի բարձրացել:

Հունվարի սկզբին Արցախի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը հայտարարել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը մեկ ամսվա ընթացքում կիրականացնի առաջին չվերթը: Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ մի քանի մանր տեխնիկական խնդիրներ են մնացել, որոնք լուծման փուլում են: Օդանավակայանի բացման ժամկետներ Դավիթ Բաբայանը չէր նշել, սակայն տեղեկացրել էր, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի մոտ ժամանակներս օդանավակայանը բացվի: «Կլինի դա մեկ ամիս, թե մի քիչ ավելի շուտ կամ ուշ՝ էական չէ»,- ասել էր նա:

Այսօր PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Դմիտրի Ադբաշյանն ասաց, որ տեխնիկական խնդիրներ կան և օդանավակայանի գործարկումը դեռ ձգձգվում է: «Այդ խնդիրների լուծումը միայն մեզանից կախված չէ»,- ասաց Դմիտրի Ադբաշյանը, նա դժվարացավ հստակ ժամկետներ նշել:
 
ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը շուտով սկսելու է գործել, այդ առումով որևէ խնդիր չկա: «Մի քանի միջազգային կազմակեպությունների դրդմամբ՝ հարցն ասպարեզ եկավ... Որպեսզի օդանավը թռչի, անհրաժեշտ են լիարժեք պայմաններ, այդ ուղղությամբ էլ այս պահին ջանքեր են գործադրվում»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
 
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հայտարարել էր, որ վերջնական որոշում ընդունելուց հետո, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հակաօդային պաշտպանության և օդային ուժերը կապահովեն դեպի Արցախ և Արցախից թռչող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունը:
 
Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքների հետաձգման պատճառը, շատերի նման քաղաքագետ Արա Պապյանն էլ է համարում ոչ այնքան տեխնիկական, որքան քաղաքական: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ հիմա Ադրբեջանում ներքին մեծ բողոք ու ապակայունացում կա: Այս պահին պատերազմից խուսափելը Ալիևի գերնպատակը չէ: Իսկ եթե Ադրբեջանը ինքնաթիռ խփի, ապա մեր պատասխանն այդ դեպքում պիտի համարժեք լինի՝ մեկի դիմաց տասը:
 
Նրա խոսքով, անկախ նրանից, թե ով կլինի քաղաքացիական ինքնաթիռում, եթե Ադրբեջանը հարվածի դրան, պատասխանը պատերազմն է. «Նախագահի արյունը մյուսների արյունից ավելի կարմիր չէ»: Ադրբեջանում նախագահական ընտրություններին ընդառաջ, եթե Ալիևը հասկանա, որ հարվածելով Հայաստանի քաղաղացիական օդանավին, կկարողանա պահել իշխանությունը, ապա դեպքերի նման զարգացում քաղաքագետը չբացառեց:
 
Աղբյուրը` PanARMENIAN.Net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: