Նորություններ

128 հավակնորդ ստացել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր

Ուշագրավ 2018-11-05

Ավարտվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող քննությունները: Քննություններն անցկացվել են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Հավաստագրման քննություններին մասնակցելու համար հայտագրվել էր 199 հավակնորդ, որոնցից 8-ը չի ներկայացել: Քննության գրավոր փուլը չի հաղթահարել 9 մասնակից, իսկ բանավոր փուլում անցողիկ շեմի համար պահանջվող 53 նվազագույն միավոր (75 տոկոս) չի հավաքել 54 մասնակից: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) շնորհվել է 128 հավակնորդի: Քննության մասնակիցների ավելի քան 90 տոկոսն առաջին անգամ է մասնակցել հավաստագրման քննություններին: Քննության արդյունքները բողոքարկել է 26 մասնակից: Նշենք, որ 2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություններ են կատարվել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու, քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) դադարեցման դեպքերն ու կարգը հաստատելու մասին» թիվ 914–Ն հրամանում: Վերոնշյալ քննություններն առաջին անգամ կազմակերպվել են նոր կարգով, համաձայն որի՝ քննության թեստավորման փուլը կազմակերպվել է էլեկտրոնային եղանակով` համակարգիչների միջոցով: Էլեկտրոնային համակարգ մուտք գործելու համար յուրաքանչյուր հավակնորդի տրամադրվել է օգտանուն ու գաղտնաբառ, միասնական բազայից ձևավորվել է 60 հարցից բաղկացած թեստ, տրվել է 60 րոպե ժամանակ` երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններով հարցերից ճիշտ պատասխանն ընտրելու համար: Աշխատանքն ավարտելուց հետո թեստի ներքևում ստեղծված «Ավարտել» կոճակը սեղմելով` հավակնորդը անմիջապես էկրանին տեսել է ճիշտ պատասխանների քանակը` ըստ անցողիկ շեմի տոկոսային հարաբերության (90 տոկոս)։ Քննության բանավոր`հարցազրույցի փուլն անցկացվել է հետևյալ ընթացակարգով՝ մասնակիցներին տրվել է համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձևավորված 5 հարցից բաղկացած հարցատոմս: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատել է հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված գնահատման թերթիկի միջոցով` սխալ պատասխանի դեպքում` 0, թերի պատասխանի դեպքում՝ 1, իսկ ճիշտ պատասխանի դեպքում՝ 2 միավոր: Յուրաքանչյուր պատասխանից հետո հանձնաժողովի նախագահը հնչեցրել է ճիշտ պատասխանը: Հարցազրույցի փուլում հավակնորդի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասունհինգ տոկոս` հարցազրույցի փուլը հաղթահարելու համար: Քննությունների արդյունքների վերլուծությունը կհրապարակվի առաջիկայում: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: