Նորություններ

Կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը

Ուշագրավ 2018-10-31

Ս. թ նոյեմբերի 6-ին կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որը նվիրվում է Շառլ Ազնավուրին: Փառատոնը Երևանում և Արցախում կանցկացվի մինչև նոյեմբերի 10-ը, նոյեմբերի 5-11-ը՝ Հայաստանի 5 մարզերում (Շիրակ՝ ք. Գյումրի, Լոռի՝ ք. Վանաձոր, ք. Ալավերդի, Շնող hամայնք, Թեղուտ hամայնք, Քարկոփ համայնք, Գեղարքունիք՝ ք. Գավառ, ք. Մարտունի, Արմավիր՝ ք. Էջմիածին, Կոտայք՝ գ. Զովունի): Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 186 ֆիլմ՝ 63 երկրից: Այս տարի ծրագիրը համալրվել է 2 նոր անվանակարգով՝ «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» և «Երեխաները` երեխաների համար»: 14-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ կիրականացնի «Վիշեգրադ-Հայաստան նոր նախաձեռնություններ` միջմշակութային կինոերկխոսությունը ընդլայնելու համար» (Երևան, ՀՀ մարզեր) հատուկ ծրագիրը՝ ուղղված Վիշեգրադի երկրների (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա) և Հայաստանի ու Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության խորացմանը: Ծրագիրը կիրականացվի Երևանում և ՀՀ մարզերում՝ ներառելով ավելի շատ հանդիսատես, Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնն օգտագործելով որպես աջակցող հարթակ: Շարունակվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջմշակութային կապերի խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հատուկ ծրագրերի իրագործումը, որի շրջանակում Ռուսաստանից ժամանած ականավոր կինոգործիչների հետ տեղի կունենան հանդիպումներ, կանցկացվեն վարպետության դասեր, ֆիլմերի պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ և այլն: Պատվավոր հյուրերից են՝ անվանի կինոգետ, պրոդյուսեր, դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, «Նիկա» մրցանակի կրկնակի դափնեկիր, կինոքննադատ Արմեն Մեդվեդևը, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե Արմավենի» մրցանակակիր, «Նիկա» մրցանակի քառակի դափնեկիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինը: Գյոթեյի անվան ինստիտուտի հետ համատեղ հատուկ ծրագրի շրջանակում Գերամանիայի Դաշնությունից Հայաստան կժամանի Կլաուդիա Պրիեցելը: Տեղի կունենա «Սուպեր Մոդոն» (ռեժիսոր՝ Լիկարիոն Վայնայնա, Գերմանիա), «Ավազ» (ռեժիսոր՝ Դիրք Քումմեր, Գերմանիա, Չեխիա), «Վենդի 2. հավերժ ընկերներ» (ռեժիսոր՝ Հաննո Օլդերդիսսեն, Գերմանիա) ֆիլմերի պրեմիերաները: Ճապոնիայի միջազգային հիմնադրամի աջակցությամբ հատուկ ծրագրի շրջանակում Ճապոնիայից Հայաստան կժամանի ռեժիսոր, անիմատոր Միյո Սատոն և հայ հանդիսատեսին կներկայացնի «Աղվեսներ» անիմացիոն ֆիլմը: Անվանի անիմատորը հանդիպումներ կունենա Հայ-ռուսական համալսարանում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Սահակյանց անիմացիոն ստուդիայում: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ, պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ, վարպետության դասեր, հանդիպումներ բուհերում, հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև մի շարք սոցիալական, կրթամշակութային ծրագրեր: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում: Փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում: Նշենք նաև, որ փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը: Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ-ում Կանադայի դեսպանությունը, Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Երևանում Գյոթեի անվան ինստիտուտը (Գերմանիա):

Փառատոնի ծրագիրը՝ այստեղ:

 

Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: