Նորություններ

Մեր հերոսական էպոսի նորօրյա ասացողները

Կրթական 2018-10-10

2018 թվականի հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում, տեղի ունեցավ «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնի եզրափակիչ միջոցառումը: Տուն-թանգարանում էին հավաքվել Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից եկած սովորողներ, նրանց ծնողները, ուսուցիչները, էպոսի ասացողներ՝ հերթական անգամ լսելու հայկական հերոսական դյուցազներգության նորօրյա ասացողներին, որոնք, հաղթելով առաջին փուլում, եկել էին՝ եզրափակից փուլում ներկայացնելու էպոսից իրենց ընտրած հատվածները, վայելելու հերոսական էպոսի դյուցազնական ոգին: Դահլիճում հնչեցին էպոսի հանրահայտ «Օղորմիները...»: Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Հովհաննիսյանը ևս, հաղթելով դպրոցական և մարզային փուլերում, մեծագույն պատասխանատվությամբ և ոգևորությամբ մասնակցեց էպոսասացության մրցույթի ոզրափակիչ փուլին: Հուզմունքով լսելով տարբեր ասացողների՝ նա ներկայացրեց «Դավիթ և Խանդութ» մասից «Դավթի ամուսնությունը» հատվածը՝ ոգևորությամբ և գեղեցիկ հնչողությամբ գովերգելով Խանդութին, նրա գեղեցկությունը, հմայքը և Դավթի խոսքերով ամփոփեց այն. -Գուսաննե՛ր, կերթա՛ք, կասե՛ք,-Դավիթ ասաց,- վեց օր սպասի, յոթն ավուր վերան իրեն հյուրն եմ... Դահլիճը բուռն ծափահարություններով ողջունեց նրան, իսկ ժյուրին արժանացրեց պատվոգրի «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» Էպոսին նվիրված հանրապետական փառատոնի շրջանակներում էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլում մրցանակային տեղ զբաղեցնելու համար, արժանացավ նաև «Սասնա տուն» գավաթի: Բացենք Հովհաննեսի նվիրական երազանքի գաղտնիքը: Նա ցանկանում է դպրոցը ավարտելուց հետո շարունակել ուսումը և ընդունվել կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ ու իրեն նվիրել բեմին: Էպոսասացության մրցույթում նրա հաջողությունը հերթական քայլն էր՝ մոտենալու իր նվիրական երազանքին: 2017թվականին նա արժանացել էր Վանաձորի քաղաքապետարանի կազմակերպած ասմունքի ամենամյա մրցույթի պատվոգրի՝ լավագույն ասմունքի համար: Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Հովսեփյանը, ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները սիրով շնորհավորում են Հովհաննեսին՝ ցանկանալով նրան հետագա հաջողություններ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: