Նորություններ

Դպրոցներում չի լինի ամբողջական անցում միասնական ավարտական քննությունների համակարգի

Ուշագրավ 2018-09-13

Հայաստանն այս ուստարվանից չի անցնի դպրոցներում միասնական ավարտական քննությունների ամբողջական համակարգի: Այս մասին հայտնել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում կայացած կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Նա նշել է նաև, որ 9-րդ դասարանի ավարտական քննությունների միասնական անցկացմանը դեմ են արտահայտվում այն խմբերը, որոնք որոշակի շահեր են հետապնդում: Պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հացին՝ Արայիկ Հարությունյանը համաձայնել է, որ այդ հարցը շատ է քննարկվում: «Այս հարցը քննարկում են որոշ շահագրգիռ կողմեր: Հիմնական քննադատությունը գալիս է այնտեղից, որ այդ քննադատող խմբերն այստեղ որոշակի շահեր ունեն: Բողոքների մեծ մասը գալիս է, այսպես կոչված, «հայտնի դպրոցներից», որովհետև գիտելիքի միասնական ստուգման արդյունքում, որոշ միֆեր, որոնք ձևավորված են տարբեր դպրոցների, տարբեր ուսուցիչների շուրջ, քանդվելու են: Իսկ որտեղի՞ց է այս գաղափարը եկել: Գաղափարն առաջացել է 2017-2018 ուսումնական տարվա ավարտական քննություններին իմ մասնակցությունից հետո, երբ այդ քննությունների ժամանակ տիրում էր տնայնավարական մթնոլորտ: Եվ, եթե նայենք տոկոսները, 0.1 կամ 0.2 տոկոսը, օրինակ, կտրվել է հայոց լեզվի ավարտական քննությունից»,-նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանի խոսքով` հայերենի միասնական ընդունելության քննության ժամանակ այդ թիվը մոտավորապես 20 անգամ աճում է: «12-րդ դասարանում մեկ առարկայի քննություն կանցկացվի միասնական, իսկ 9-րդ դասարանում 1-2 առարկա: Հիմա մենք գնահատման և թեստավորման կենտրոնի հետ քննարկում ենք այդ հարցը, որովհետև այդ քննությունները պետք է տեխնիկական առումով նախապատրաստվեն: Իսկ աշակերտներին մենք մեկ տարի առաջ ենք այդ մասին տեղեկացնում: Մենք միասնական քննությունների ժամանակ աշակերտներին նոր առաջադրանքներ չենք տալիս: Մենք պարզապես ասել ենք, սիրելի՛ աշակերտ, դու հայերենի քննություն հանձնելու ես ոչ թե քո դասարանում, քո ուսուցչի ներկայությամբ, այլ ձեր համայնքի բոլոր աշակերտները կլինեն մեկ դահլիճում: Այստեղ որևէ խնդիր չկա»,- մանրամասնել է նախարարը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: