Նորություններ

Աշակերտն է կերտում դպրոցի այսօրն ու ապագան՝ հոգ տանելով իրեն կրթող մանկավարժի մասին

Ուշագրավ 2018-09-11

Երբևէ ցանկացե՞լ ես լինել այլ, լինել տարբերվող, չձուլվել մյուսներին ու գնալ սեփական երազանքի հետևից: Երբևէ մտածե՞լ ես, որ գիտելիքն ու դրա կիրառումը լիովին տարբեր են... երբևէ մտածե՞լ ես՝ ո՞ւր կարող են տանել քեզ նպատակիդ ոտնահետքերը:

Իր նպատակի հետքերով 16-ամյա Էրիկը Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցից հասավ Երևան՝ Dasaran կրթական կենտրոն, որտեղ էլ տաղանդը սկիզբ տվեց մի նոր գաղափարի:

 

Dasaran-յան միջավայրում միախառնվելով տաղանդը, գաղափարն ու նորարարությունը՝ հնարավոր է իրագործել ամենահամարձակ երազանքներն անգամ, եթե դրանց հիմքում աշխարհն այսօրվանից ավելի լավը դարձնելու արդյունավետ և կիրառելի լուծումներն են:

 

-Որպես աշակերտ իմ երազանքն էր դարձել օգնել ուսուցիչներին, և ես սկսեցի միջոցներ փնտրել իմ նպատակն իրագործելու համար,- ասում է կրթական ծրագրի ամենաերիտասարդ աշխատակիցը, ընդգծելով, որ Dasaran-ին է դիմել՝ որպես նոր մտահղացման իրականացման ու ռեալիզացման համար լավագույն հարթակի:

 

-Dasaran-ում ես սովորեցի ծրագրավորել ու թիմի օգնությամբ իրականացնել նպատակս, որն այդքան անհասանելի էր թվում:

 

Իսկ նպատակը, որքան էլ անհասանելի թվար, իրական նվեր դարձավ Հայաստանի Հանրապետության և Արցախի հարյուրավոր դպրոցների համար: Աշակերտի հոգատարության և թիմային աշխատանքի արդյունքում այսուհետ դասացուցակ կարելի է կազմել ավտոմատ կերպով ընդամենը մի քանի վայրկյանում:

 

Աշակերտի գաղափարով ստեղծված «Դասացուցակ» էլեկտրոնային գործիքը հնարավորություն է տալիս դպրոցի տնօրեններն ու փոխտնօրեններն դասացուցակի կազմման ժամանակահատվածը օրերից կրճատել մինչև մի քանի վայրկյան:

 

-Օրեր շարունակ մենք կատարում էինք դասացուցակի, դասաբաշխման ծավալուն աշխատանք, իսկ այժմ նոր գործիքը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում ունենալ իդեալականին մոտ դասացուցակ,-նշում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի փոխտնօրեն Լիանա Ներսիսյանը՝ ընդգծելով, որ գործիքը հնարավորություն է տալիս նույն պահին տեսնելու և՛ համընկնումները, և՛ անհամապատասխանությունները, և՛ ժամաքանակի ճիշտ բաշխման տարբերակները:

 

Իսկ ահա Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Նազարյանը նշում է, որ այն «փրկություն» դրաձավ ուսուցչի, փոխտնօրենի և առհասարակ դպրոցի ղեկավար կազմի համար:

 

Ի դեպ, ինչպես նկատեց Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Վլադիմիր Սարգսյանը, այս տարբերակով դասացուցակ կազմելիս հնարավորինս հաշվի է առնվում նաև առարկայի բարդության աստիճանը և Առողջապահության նախարարի հրամանը:

 

Էրիկի հաջողության պատմությունը միայն մեկն է հարյուր հազարավոր աշակերտների պատմություններից: Սիրելի՛ աշակերտ, դու ևս առաջ շարժվի՛ր՝ վստահելով սեփական երազանքին. չէ՞ որ, ինչպես նշում է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը.

 

-Երազանքը դա հետազոտելու, ճշմարտությունը գտնելու լավագույն ճանապարհն է:

 

Իսկ մեզ մնում է միայն թև տալ երազանքին ու միանալ մանակավարժների մաղթանքին՝ թող որ մեր երկրում նման Էրիկներ շատ լինեն:

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: