Նորություններ

Հայաստանի 50 դպրոցներում կհետազոտվի սննդակարգի ազդեցությունը կրթության որակի վրա

Ուշագրավ 2018-09-07

Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը կիրականացնի Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նախաճաշիկ բաղադրիչի ազդեցության գնահատումը նախադպրոցական տարիքի երեխաների՝ դասարանում ուշադրության կենտրոնացման, ինչպես նաև դպրոցին պատրաստվածության վրա: Ազդեցության գնահատման հետազոտությունը կիրականացվի ՀՀ երեք մարզերի (Շիրակ, Լոռի և Գեղարքունիք) 50 դպրոցներում` նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում: Այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը ստորագրել են համաձայնագիր: Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը տեղեկացրել է, որ Հայաստանի դպրոցներ հաճախող ավելի քան 100 հազար երեխա արդեն տարիներ շարունակ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում անվճար սնունդ է ստանում դպրոցում։ Արևիկ Անափիոսյանը շեշտել է, որ սննդակարգի ազդեցության գնահատումը կրթական գործընթացի վրա կարևոր է կրթության քաղաքականության հետագա մշակման համար։ «Որպես կրթության որակի պատասխանատու մարմին` մենք կարևորում են սովորողի որակական հատկանիշները: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կրթության որակի համար 5 բաղադրիչ է առանձնացրել, որտեղ կարևորվում է նաև արդյունավետ սննդակարգի հարցը: Համաձայնագրի մեջ գնահատման բաղադրիչի ներառումը կարևոր է այս տեսանկյունից և կարող է գիտական և մասնագիտական հիմք ապահովել հետագա քաղաքականության մշակման համար»,- հայտաարարել է ԿԳ նախարարի տեղակալը: Նրա խոսքով`հետազոտության համար ընտրվել են այն մարզերը, որտեղ աղքատության ցուցանիշը բարձր է և հատկապես նման մարզերում մեծ տոկոս են կազմում սոցիալապես անապահով ընտանիքների երախները։ «Այս հետազոտության շրջանակում թիրախավորվում են նախադպրոցական տարիքի երեխաները: Մեր նպատակն է հստակ մասնագիտական հիմնավորում ունենալ, թե որքանով է առաջնային սննդակարգը կրթության որակի բարձրացման համար»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: Գնահատման տեխնիկական առաջադրանքն արդեն համաձայնեցվել է մասնագիտական խմբի հետ: Հետազոտությունը տևելու է մեկ տարի, իսկ վերջնական զեկույցը կտրամադրվի կրթության և գիտության, ինչպես նաև առողջապահության նախարարություններին` մեկնաբանությունների համար: Գնահատման փորձնական հետազոտությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում իրականացվում է առաջին անգամ` Հայաստանում: Հետազոտության ֆինանսավորումը կատարվելու է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ ՀՀ մարզերի դպրոցներում իրականացվում է 2010 թվականից: Ծրագիրն հնարավորություն է տալիս դպրոցներին կից գործող նախակրթարանների, ինչպես նաև առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին ստանալ տաք կամ սառը սնունդ: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: