Նորություններ

Նոր կրթամշակութային ծրագիր՝ աշկերտների համար

Ուշագրավ 2018-08-21

Նոր կրթամշակութային ծրագրի շրջանակում նոր ուսումնական տարվան համընթաց կներդրվի մշակութային հաստատություններ այցելության աբոնեմենտային համակարգ. ՀՀ բոլոր դպրոցների 1-12-րդ դասարանների յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար այցելելու երեք մշակութային հաստատություն` թանգարան, համերգասրահ, թատրոն: Այս մասին Ս. Փարաջանովի թանգարանում հրավիրված համատեղ ասուլիսում հայտարարել են նախարարներ Արայիկ Հարությունյանն ու Լիլիթ Մակունցը: ԿԳ նախարարի տեղեկացրել է, որ նախագծի իրագործման համար պետական միջոցներից 400 մլն դրամ է նախատեսվել։ «Ծրագրի մասին մտածել ենք այն ժամանակ, երբ դեռ ընդդիմություն էինք: Շատ կարևոր է, որ երեխաները հաղորդակից լինեն մշակույթին, ուստի պետությունը նման հնարավորություն է ստեղծում Հայաստանի շուրջ 350 հազար աշակերտի համար: Յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ կկարողանա անվճար այցելել երեք մշակութային հաստատություն»,-նշել է նախարարը: Ըստ նախնական պայմանավորվածության՝ Dasaran-ի կայքում կհրապարակվի մշակութային հաստատությունների միջոցառումների ամբողջ ցանկը և կայքի միջոցով աշակերտները կկարողանան տվյալ ներկայացման կամ համերգի համար ամրագրել իրենց տեղը: «Օրինակ՝ դպրոցում որևէ գրական ստեղծագործություն անցնելու ժամանակ գուցե թատրոնների խաղացանկում կգտնվի համապատասխան ներկայացումը և աշակերտները զուգահեռ կկարողանան դիտել նաև այդ գործի բեմականացումը»,-մանրամասնել է Արայիկ Հարությունյանը։ Ըստ նախարարի՝ ծրագիրն իրականացվելու է պիլոտային սկզբունքով, որպեսզի հասկանալի լինի, թե մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ են առաջանում` հետագայում դրանք շտկելու և ծրագիրն ընդլայնելու ակնկալիքով: Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերից սկսած` բոլոր դպրոցականները կարող են այցելել մշակութային հաստատություններ: Նա ներկայացրել է նաև աբոնեմենտի նմուշը և հավելել, որ ծրագիրը քննարկվել և համաձայնեցվել է նաև տարածքային կառույցների հետ․ մարզպետարանները կաջակցեն իրականացնել երեխաների տեղափոխումը մշակութային հաստատություններ: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասուլիսի ընթացքում ներկայացրել է «Քո արվեստը դպրոցում» խորագրով դրամաշնորհային նոր ծրագիրը, որը ներառում է երեք ոլորտ` դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն: Դրամաշնորհային ծրագրով հայտարարվում է մրցույթ, որի շրջանակում նշված ոլորտների ներկայացուցիչները պետք է նախագիծ ներկայացնեն՝ մի քանի բաղադրիչներով: Մշակույթի նախարարի տեղեկացմամբ` կընտրվեն 50 արվեստագետներ, որոնցից յուրաքանչյուրի ծրագրին կտրվի 1 մլն դրամ: Վիճակահանության տարբերակով ՀՀ տարբեր մարզերից կընտրվեն դպրոցներ, որտեղ դրամաշնորհ ստացած արվեստագետները կներկայացնեն իրենց ծրագրերը: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: