Նորություններ

Աշխարհի առաջնություն 2018. այսօրվա հանդիպումները

Սպորտ 2018-06-27

Ռուսաստանում ընթացող աշխարհի 2018 թվականի առաջնության շրջանակում այսօր՝ հունիսի 27-ին, կկայանա մրցաշարի 4 հանդիպում, որոնցում միմյանց հետ կմրցեն E և F խմբերի թիմերը: Երևանի ժամանակով 18:00-ին Կազանի համանուն ստադիոնում կմեկնարկի Հարավային Կորեայի և Գերմանիայի հավաքականների միջև խաղը, որոնք հանդես են գալիս F խմբում: Նույն ժամին Եկատերինբուրգի «Եկատերինբուրգ Արենա» ստադիոնում կհանդիպեն այս խմբի մյուս երկու թիմերը՝ Մեքսիկան և Շվեդիան: Առաջին երկու տուրի արդյունքում Մունդիալի փլեյ-օֆֆում իր տեղն ապահովել է միայն Մեքսիկայի հավաքականը, որը հաղթել է Գերմանիային (1:0) և Հրվ. Կորեային (2:1): Վերջինս կորցրել է խմբից դուրս գալու շանսերը` պարտվելով նաև Շվեդիային (0:1): Այս կերպ, 1/8 եզրափակչի երկրորդ ուղեգրի համար կպայքարեն Գերմանիայի և Շվեդիայի հավաքականները: Խփած և բաց թողած գոլերի տարբերությունն այս երկու թիմերի մոտ նույնն է, սակայն գերմանացիները մրցակցին գերազանցում են՝ միմյանց միջև անցկացրած խաղի արդյունքի շնորհիվ (2:1): Երկու հավաքականներին էլ հաղթանակ է պետք իրենց խաղերում, սակայն մրցակցի սայթաքման դեպքում, նրանց կարող է բավականեցնել նաև ոչ-ոքի արդյունքը: Խաղային օրը կավարտվի E խմբի երկու խաղով, որոնք կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին: Նիժնի Նովգորոդի համանուն ստադիոնում միմյանց հետ կմրցեն Շվեյցարիայի և Կոստա-Ռիկայի հավաքականները, իսկ Մոսկվայի Открытие Арена-ում կկայանա Սերբիայի և Բրազիլիայի հավաքականների միջև խաղը: E խմբում միանգամից երեք թիմ կպայքարի փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Երկու խաղերի արդյունքում երեք թիմերից ոչ մեկը չի երաշխավորել իր մասնակցությունը 1/8 եզրափակչին, մինչդեռ Կոստա-Ռիկան զրկվել է բոլոր շանսերից: Խմբից դուրս գալու համար Բրազիլիայի հավաքականին բավական կլինի նաև ոչ-ոքին սերբերի հետ խաղում, իսկ Սերբիային միայն հաղթանակ է անհրաժեշտ: Շվեյցարիայի հավաքականը Կոստա-Ռիկային հաղթելու դեպքում, անկախ զուգահեռաբար ընթացող խաղի արդյունքից, կկարողանա դուրս գալ ԱԱ-2018-ի փլեյ-օֆֆ: E խմբի հաղթողը 1/8 եզրափակչում կխաղա այն թիմի հետ, որը երկրորդ տեղը կզբաղեցնի F խմբում: Աղբյուրը՝ Тert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: