Նորություններ

Բարի' գալուստ, թռչուններ

Կրթական 2018-04-20

2018թ. ապրիլի 7-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում կրկնակի տոնական տրամադրություն էր: Դպրոցի IIIա դասարանի աշակերտները` դասվար Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ, ավետում էին գարնան, բնության ու գեղեցկության զարթոնքը` դպրոցը լցնելով գարնանային արևի ջերմությամբ, հայոց աշխարհում ծվարող ու հայոց հողի խաղաղությունը ավետող թռչուններով: Աշակերտների թռչնակերպ հագուստները ու բեմական շքեղ զարդարանքը համադրվել էին գարնան ու գարունը խորհրդանշող տոների նրբաճաշակ գույներով: Գարունը իր ամբողջ շնչով և թռչունների երամի հոգեթով դայլայլով մտել էր դպրոցի ամեն մի անկյուն և ներկաների սրտերը լցրել հույսով ու հավատով: Թռչնակները պատմեցին և ներկայացրեցին իրենց կարևորությունը Երկիր մոլորակի վրա, ներկայացրեցին հայրենի հողի գարունը` համեմելով կոմիտասյան երգ ու պարով` կենդանություն հաղորդելով իրենց կերպարներին: Աշակերտները հասկացան, որ թռչունները մեծ օգուտ են տալիս մարդկանց` ոչնչացնելով դաշտերի, անտառների և այգիների վնասատուներին: Թռչունների երամի արագիլները խոստացան, որ պանդուխտ հայերի նման մի օր ընդմիշտ կվերադառնան իրենց օջախները, բույն կսարքեն ու ձագ կհանեն: Իսկ ծիծեռնակները պարտավորվեցին, որ ամեն տարի գարունն առաջինը կավետեն հայոց աշխարհում, ճնճղուկները որոշեցին միշտ մնալ Հայաստանում, քանզի հայ մանուկներից հոգատար ու բարեխիղճ ուրիշ ոչ մի երկրում չկան: Արծիվները երդվեցին հայոց քաջարի զինվորների նման հսկեն հայոց աշխարհի անդորրը, իսկ աղավնիները խոստացան միշտ ճախրել հայրենի երկնի կապույտում` մանուկների համար ապահովելով խաղաղ մանկություն: Իսկ մեր սիրելի աշակերտները ծնողներին, ուսուցիչներին ու իրենց սիրելի դասվարին խոստացան իրենց մարմնավորած կերպարների երամի նման միշտ լինել հավաքական, վճռական ու խոստումնալից` կերտելով մեր երկրի ապագան` կառուցելով շեն ու հզոր հայրենիք:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: