Նորություններ

Այց կերպարվեստի թանգարան

Կրթական 2018-04-19

Օրերս dasaran.am-ի և թանգարանների միջև համագործակցության շրջանակում dasaran-ի միջնորդությամբ Վանաձորի Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան այցելեցին Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի IV Ա դասարանի՝ թվով 32 աշակերտ /դասվար՝ Ա. Ղումաշյան/: Շրջայց կատարելով թանգարանի երեք հարկերի սրահներով՝ երեխաները ծանոթացան ոչ միայն մեր քաղաքի արվեստագետների քանդակներին և նկարներին: Մեծ հետաքրքրությամբ դիտեցին նաև այլ ճանաչված նկարիչների գործերը: Թանգարանի աշխատակիցները բավականաչափ մանրամասն և մատչելի ներկայացրին ցուցադրված նմուշները, դրանց ստեղծման պատմությունը, նկարչի ասելիքն ու ժանրերը: Աշակերտներն իրենց հերթին մեկնաբանում էին նկարները կամ քանդակները իրենց պատկերացմամբ և երևակայությամբ: Երեխաներին առանձնապես գրավեց «Գարուն» եռանկարը, «Մանկական վիշտը» քանդակը, Խ. Ղարաբեկյանի «Կարմիր խնձորենին» նկարը, Բ. Հովհաննիսյանի «Խաչքարերը» և շատ ուրիշ գործեր: Երեխաներն առանց միմյանց հերթ տալու բազմապիսի հարցեր էին ուղղում աշխատակցուհիներին և միաժամանակ պատասխանում առաջադրված հարցերին: Երջանիկ պատահականությամբ սրահներից մեկում հանդիպեցին մեր համաքաղաքացի նկարիչ Փափագ Ալոյանին և նրա դիմանկարը պատկերած երգիծաբան Սամվել Խալաթյանին: Այն հարցին, թե ինչ տպավորություն ստացան դիտումներից, Անին պատասխանեց, որ իրենք, կարծես, գույների անսովոր մի աշխարհ են ընկել: Մյուս աղջնակը՝ Հեղինեն, կիսվեց իր տպավորությամբ. «Ոչ մի անգամ այսքան գեղեցկություն մի տեղում չեմ տեսել»: Աշակերտները խոստացան այսուհետ ավելի հաճախ այցելել մշակութային վայրեր, նմանատիպ թանգարաններ և շրջայցի ավարտին իրենց տպավորությունների և տրամադրության մասին խնդրեցին գրառում կատարել թանգարանի «Առաջարկությունների և տպավորությունների» գրքում:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: