Նորություններ

Անիի Մայր տաճարը կվերակառուցվի

Ուշագրավ 2018-04-18

Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Անիի Մայր տաճարը կվերակառուցվի։ Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթթին Ալփը նշել է, որ տաճարի վերակառուցման աշխատանքները կսկսվեն հենց այս ամիս: Թե ինչպիսի նախագծով, ինչ տեսքով ու սկզբունքներով կվերակառուցվի պատմական տաճարը, չի նշվում: Թուրքական «Անադոլու» գործակալությունը, անդրադառնալով տաճարի ու Անի քաղաքի պատմությանը, նշել է, որ պատմական այս տարածքում իշխել են բազմաթիվ քաղաքակրթություններ՝ Սասանյան Պարսկաստանից, բյուզանդացիներից ու վրաց իշխաններից մինչև թուրք սելջուկներ, օսմաններ ու Ցարական Ռուսաստան: Թուրքական կայքը նաև նշել է Բագրատունյաց թագավորական տոհմի մասին՝ չօգտագործելով, սակայն, նրանց հայ լինելու մասին հուշող որևէ տեղեկություն: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Անիի Մայր տաճարը հանդիսացել է Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի գլխավոր եկեղեցին: 989-1001 թվականներին Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալի նախաձեռնությամբ այն կառուցել է Տրդատ ճարտարապետը, որն իր մասնակցությունն է ունեցել նաև Ստամբուլի նշանավոր Այա Սոֆիա տաճարի վերակառուցման աշխատանքներին: 1064 թվականին, երբ Անին գրավվեց սելջուկ թուրքերի կողմից, տաճարը վերածվեց մզկիթի: Ըստ թուրքական պատմագրության՝ այն Փոքր Ասիայի տարածքում թուրքերի կողմից որպես մզկիթ հռչակված առաջին շինությունն է: Ըստ լեգենդի՝ Փոքր Ասիա մուտք գործելուց ի վեր թուրք սուլթան Ալփարսլանն առաջին անգամ մահմեդական աղոթքը՝ նամազն իրականացրել է հենց այս տաճարում: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: