Նորություններ

Աշակերտների ֆինանսական կրթության ծրագիրը կլինի շարունակական

Ուշագրավ 2018-04-12

Հայաստանի Հանրապետության հիմնական և ավագ 13 դպրոցում այս ուսումնական տարվա սկզբից ներդրվել է ֆինանսական կրթության փորձնական ծրագիրը: Ֆինանսական կրթության բաղադրիչն ինտեգրված է 2-10-րդ դասարանների «Ես և շրջակա միջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ծրագրերում: Այդ նպատակով նշված առարկաների ծրագրերում կատարվել է փոփոխություն, որը հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: Ըստ այդմ` նշված առարկաների ծրագրերում ընդգրկվել են ֆինանսական կրթության թեմաներ, օրինակ` վարկերի և ավանդների տեսակների, տոկոսագումարների, աշխատավարձերից կատարվող հարկային պահումների, եկամուտների և ծախսերի հաշվարկի, բյուջեի տնօրինման և ֆինանսական կրթությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ: ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԲ ներկայացուցիչների կողմից կրթական ծրագիրը մշակող աշխատանքային խումբ է ստեղծվել, որը նաև իրականացրել է ուսուցիչների վերապատրաստում: Ծրագրի ընթացքը և արդյունավետությունը քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել քննարկում` դպրոցների ուսուցիչների, ՀՀ կենտրոնական բանկի և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում մանկավարժները ներկայացրել են իրենց դիտարկումները դպրոցական առարկայական ծրագրերում ներառված ֆինանսական կրթությանն առնչվող թեմաներին: Ուսուցիչները համոզմունք են հայտնել, որ ծրագրի ներդրումն արդյունավետ է: Նշվել է, որ հատկապես բարձր դասարանների աշակերտների մոտ հետաքրքությունն առարկայի նկատմամբ մեծ է, մասնավորապես հետաքրքրվում են վարկերով և ավտովարկերով, բիզնեսի համար նախատեսված հարկերով, աշխատավարձի հաշվարկով և այլ հարցերով: ԿԳ նախարարությունը մտադիր է գալիք ուսումնական տարվա սկզբին ֆինանսական կրթությունը ներդնել հանրապետության մոտավորապես 350 դպրոցներում: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: