Նորություններ

Հայն անմահ է

Կրթական 2018-04-11

Այդ օրը խորհրդավոր անդորր էր տիրում Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում: Ապրիլյան ցողաթաթախ ու խաղաղ առավոտներից մեկն էր: Սովորականի նման բացվեց դպրոցի դուռը, բայց ժպտադեմ դռնապանի փոխարեն սովորողներին դիմավորեցին արդեն անմահների շարքը լրացրած ապրիլյան քառօրյա պայքարի աննկուն մարտիկների նկարները: Նրա′նք էին ժպտում բոլորին` ի լուր աշխարհի հայտարարելով. -Չհանդգնե′ք մոտենալ հայոց հողին, ձեր պիղծ շունչը հեռու′ տարեք հայրենյաց սահմաններից. մեր հողը կժայթքի, և դարերի զայրույթը լավայի նման կապտակի ձեր դեմքին: Մենք այստե′ղ ենք, կա′նք, Մարմինն է մեռած. ոգին` կենդանի Կանգնելու է դեռ ոսոխի դիմաց Ու տալու հարված` հային արժանի: Դասամիջոցներին հնչում էին ռազմի երգեր, լսվում էր վաստակավոր արտիստների ասմունքը, ցուցադրվում էին պատառիկներ կինոֆիլմերից: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի փոխտնօրեններ Գայանե Հակոբյանը, Հրաչիկ Ջուլհակյանը, դասղեկ-դասվարները: Սովորողները հատուկ ակնածանքով լսեցին ապրիլյան քառօրյայի մասնակից, դպրոցի զիղեկ Արմեն Խանաղյանին: Գնահատանքի ու խոնարհումի խոսք ասացին Գ. Հակոբյանն ու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Համասփյուռ Խաչատրյանը: Սովորողներից շատերը զինվորական համազգեստով էին: Առավոտից պատվո պահակները փոխարինում էին միմյանց: Երեխաների երգն ու ասմունքը արտահայտում էին այն մեծ սերն ու նվիրումը, որ ամբարված էր մանկական հոգիներում: Նրանք ասես լռելյայն երդվում էին արժանի հետնորդ դառնալ, շարունակել հայրենյաց նահատակների կիսատ թողած գործը և հող-հայրենին փոխանցել սերունդներին հավելումով... Բոլոր դասարաններում (5-9-րդ) անցկացվեցին դաս-միջոցառումներ, որոնց ներկա էին դպրոցի նախկին շրջանավարտներ, քառօրյա մարտերի մասնակից զինվորներ Նարեկ Մկրտչյանը և Ռաֆայել Սարգսյանը: Նրանք եղան դասարաններում, պատասխանեցին սովորողներին հուզող հարցերին: Սրանք դասեր էին, հայրենասիրական դասեր, որոնք երբեք չեն մոռացվի: Յուրաքանչյուր սովորող իր հոգում պահել ու իր հետ տանելու էր մի պատառ այն մեծ սխրանքից, որ կոչվում է հայրենիքի անձնուրաց պաշտպանություն. հայրենիք, հայրենիքի սեր, որը ծնվում է յուրաքանչյուր հայորդու հետ ու երբեք էլ չի մարում. անգամ եթե կրողն արդեն երկնքից է նայում ապրողներին: Փա′ռք հայ ազգին, որը դեռ ասելիք ունի աշխարհին...

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: