Նորություններ

Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել են հայկական ֆիլմեր

Ուշագրավ 2013-09-12

Ս.թ. օգոստոսի 9-13-ը Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացել է «Բաց դռներ» հատուկ ծրագիրը, որի ընթացքում ներկայացվել է վերջին 20 տարվա ընթացքում նկարահանված հայկական ֆիլմերի ընտրանի:
Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի բնորոշմամբ Ա դասի պատկանող այս հայտնի  փառատոնը իր կարևոր դիրքն ու խոսքն ունի կինոյի այսօրվա քաղաքականության մեջ, ինչ վերաբերում է «Բաց դռներ» ծրագրին, այն յուրաքանչյուր տարի կենտրոնանում է որևէ տարածաշրջանի վրա: Այս տարի Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի ուշադրության կենտրոնում էր Հարավային Կովկասը, մասնավորապես՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի կինոն ու կինոգործիչները:
 
«Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հրավերով Հայաստան էին ժամանել Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի ծրագրի տնօրեն Մարտինա Մալակրիդան ու  փառատոնի խորհրդատու, տարածաշրջանի փորձագետ, կինոքննադատ Ժոել Շապրոնը: Նրանք հանդիպում ունեցան Հայաստանի երիտասարդ կինեմատոգրաֆիստների հետ, ներկայացրին, թե ինչ է իրենից ներկայացնում «Բաց դռները», նաև ընդունեցին 30 և ավելի նախագիծ: Ընդ որում, հայկական և վրացական կողմերից ընտրվեց 5-ական նախագիծ, ադրբեջանական կողմից՝ երկուսը»,- ասաց Րաֆֆի Մովսիսյանը:
 
Նա հավելեց, որ  «Բաց դռների» շրջանակներում Լոկառնոյում կազմակերպվել են հանդիպումներ պրոդյուսերների հետ, հանձնվել դրամական մեծ մրցանակներ՝ նախագծերի համար: Հայաստանյան կողմից ներկայացվեց Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն»,  Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» և Թամարա Ստեփանյանի «Անթեղ» ֆիլմերը:
 
«Բավականին լավ ցուցադրություններ եղան,  մրցանակակիրների շարքում կար նաև  հայկական նախագիծ՝ Օգսաննա Միրզոյանի «Անդունդը», որն արժանացավ 14000 եվրոյի չափով գումարի»,- նշեց կինոքննադատը:
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: