Նորություններ

Պոեզիայի տոն` Արարատի մարզի Ոսկետափի ավագ դպրոցում

Կրթական 2018-03-22

Արարատի մարզի Ոսկետափի ավագ դպրոցի հայոց լեզվի, գրականության ուսուցչուհի Տաթևիկ Մկրտչյանը Պոեզիայի միջազգային օրն իսկական տոնի վերածեց իր սաների համար: Նրա նախաձեռնությամբ X հումանիտար դասարանում անցկացվեց «Տերյանը` հեռու և մոտ» խորագրով բաց դաս-ներկայացում: Դասն սկսելով 1885 թվականից՝ աշակերտները ներկայացրին՝ ով է եղել Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյանը: Այնուհետև տերյանասերները երևակայության ուժով տեղափոխվեցին տերյանական պոեզիայի աշխարհ, ուր մշտապես աշուն է ու անձրև... Թվում է, եթե շոշափես Տերյանի տողերը, կզգաս, որ դրանք թաց են նրա աշխարհում անընդհատ տեղացող անձրևներից, թվում է, երբ գիրքը ձեռքիցդ ընկնի, նրա միջից աշնան տերևներ կթափվեն՝ հուշելու, որ այստեղ պետք է զգույշ լինես. այս տերևները քնքշության են սովոր: Եվ Տերյանին հատուկ զգացմունքայնությամբ ու քնքշությամբ էլ աշակերտներն ասմունքեցին նրա բանաստեղծությունները, հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու Վահան Տերյանին մարմնավորող աշակերտին ու պատասխաններ ստանալ նրանից, ընթերցեցին հուշեր, նամակներ: Կարծես տերյանական հոգեթով մեղեդիները միաձուլվեցին նրբակերտ մթնշաղին, կարմիր վերջալույսին, գարնան ու աշնան պատկերներին, մարդկային մտերմիկ ու նվիրական զգացմունքներին` հիացմունք պատճառելով ներկաներին:

Արարատ, գ. Ոսկետափի թիվ 2 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: