Նորություններ

Հեքիաթին հյուր… Լինում է, չի լինում

Կրթական 2018-03-17

Տոնական և հաճելի անակնկալներով լեցուն էր գարնան առաջին օրը Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի սաների համար: Տոնական ու բեմական զգեստներով ահա նրանք հայտնվում են դպրոցի առաջին հարկի ճեմասրահում. նորից ու նորից շտկում և ուղղում են իրենց գլխարկը, գոտին կամ էլ` շապկի թևքերի ծալքերն այնպես, որ ամեն-ամեն ինչ լինի իր տեղում. կոկիկ ու գեղեցիկ: Ժամանակը, րոպեները և ակնթարթները առաջ սլացան: Հիմա էլ անհամբեր են մայրիկները, տատիկներն ու պապիկները, հյուրերը: Շուտով հնչում է քնքուշ մի մեղեդի և իրար հետևից շքերթի են դուրս գալիս Սուտասանի, Անբան Հուռիի, Ճամփորդները, Կիկոսի մահը, Շունն ու կատուն, Ոսկե Ձկնիկը, Հենզելն ու Գրետելը, Թագավորն ու Չարչին հեքիաթների սիրված հերոսները: Երգերը, ճկուն ու դիպուկ դատողությունները բարու, չարի, հեքիաթների սկզբի և ավարտի մասին առավել իմաստուն են դարձնում տոնի բովանդակությունը: Փոքրիկները վստահ նշում են, որ հեքիաթ սիրում են բոլորը՝ թե´ մեծերը, թե´ փոքրերը, և որ հեքիաթի բնորոշ առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այնտեղ կան զարմանահրաշ երևույթներ, առեղծվածային ակնթարթներ, կախարդներ, թռչող գորգեր, կախարդական ծածկոցներ, բացվող ու փակվող սարեր և որ ամենակարևորն է, բարին միշտ հաղթում է չարին, իսկ չարը կործանվում է առմիշտ: Հեքիաթում կա անզուգական մի լույս, որը միահյուսվում է իրականությանը և բոլոր բոլորի մեջ արթնացնում հույսը, ոգևորությունն ու հավատը: Առանց որոնց անհնար է քայլել առաջ և հավատալ, որ որքան էլ խավարը տիրի, որքան էլ գիշեր ու մութ լինի, բացվելու է առավոտը ու ցողաթաթախ լույսը. երկնքից ժպտալու է ջերմ արևը` հուշելով մեզ. մարդիկ արթնացեք լույս է արդեն, և ես ձեր ուղեկիցն եմ: Տոնի վերջում յուրովի մեկնաբանվեց «Քաջ Նազար» հեքիաթը, այն անչափ ուրախ էր ծիծաղով լեցուն և արթնացրեց հաճելի տրամադրություն: Ավելորդ չէ նկատել, որ տոնի սկզբից մինչև վերջ ոսկեհյուս մետաքսի թելի պես ձգվում էր նույն գաղափարը. մարդիկ սիրեցեք միմյանց և մի մոռացեք, որ բարին կանգուն կպահի մեր մոլորակը: Եկեք բարությամբ լցնենք մեր տունը, մեր բակը, մեր դպրոցն ու դասարանը… Մեր մանկության մոլորակը… Տարրական դասարանների մեթոդ-մասնախմբի ղեկավար Մ.Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: