Նորություններ

Ապրել տերյանական խորին հավատով...

Կրթական 2018-03-02

Փետրվարի 28. ձմռան վերջին օր և մոտալուտ գարնան ձնծաղիկվող ու մանուշակվող ճիգ. ուրիշ էլ ինչպե±ս կարող ես դա յուրօրինակ ազդարարել, եթե ոչ տերյանական տողերով. -Գարունը այնքան ծաղիկ է վառել, Գարունը այնպես պայծառ է կրկին... Հենց դա էր դարձել Վանաձորի Գ. Չաուշի անվան N24 միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Տաթևիկ Հովսեփյանի գարնանային ուղերձը իր աշակերտներին և գործընկերներին: Թույլ առկայծում էին սեղանին դրված մոմերը՝ կարծես արտապատկերելով տերյանական բանաստեղծական դալկությունն ու նրա բառերի զուլալ թափանցիկությունը: Մեղմ ծլկթում էր երաժշտությունը, իսկ դրա հնչյունների տակ մեղմ ասմունքում էր ուսուցչուհի Տաթևիկ Հովսեփյանը՝ տամուկ աչքերում ամբարած տերյանական թախիծն ու սերը: Տերյանական խաղաղությամբ ու խորքով նրան շարունակում էին իր դասղեկական դասարանի ՝ XIա դասարանի աշակերտները՝ ունկնդիրներիս մոռացնել տալով իրականությունը և պարուրելով տերյանական սիրո քնքուշ ելևէջներով: Չեմ կասկածում, որ նման դասի բովով անցած աշակերտները հաստատ իրենց մեջ տանելու են տերյանական մի ծվեն, մի ելևէջ, անկախ ժամանակից և տարածությունից՝ կրելու են իրենց մեջ տերյանական տիեզերաչափ սերը, ամբողջ կյանքում նրանց ուղեկցելու է Տերյանի պոեզիան՝ պատանեկան սրտի նման թրթռուն և կենսափորձով հարուստ այրի նման իմաստուն: Շնորհակալ եմ իմ շնորհաշատ ուսուցչուհուն՝ Տաթևիկ Հովսեփյանին, և նրա նույնքան շնորհալի աշակերտներին՝ տերյանական պայծառ տենդով մեզ վարակելու և տերյանական խորին հավատով մեզ ապրեցնելու համար: Երբ կհոգնեք, կգազազեք աշխարհից, Դարձեք ինձ մոտ, վերադարձեք դուք նորից... Արժե՛ ապրել տերյանական հորդորով...

Լոռի, ք. Վանաձորի թիվ 24 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: