Նորություններ

Եռակի տոն՝ Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցի տարրական դասարանների մասնակցությամբ

Կրթական 2018-02-22

Փետրվարի 19-ին Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճը լեփ-լեցուն էր: Այստեղ էին տարրական դպրոցի 8 դասարանների աշակերտները: Նրանք և՛ հանդիսատես և՛ մասնակից էին միջոցառմանը, որը նվիրված էր Թումանյանի ծննդյան 149-ամյակին, Գիրք նվիրելու և Մայրենիի տոնի օրերին: Միջոցառման 1-ին մասը պատրաստել էր դպրոցի գրադարանավար Մելինե Հարությունյանը 2-5-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Թեմային համապատասխան կահավորված բեմում երեխաները հակիրճ ներկայացրին մեծ բանաստեղծի կյանքի կարևորագույն դրվագները, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ, երգերի և պարերի գեղեցիկ կատարումներ: Ակնդիր երեխաներին հատկապես դուր եկավ Բարեկենդանի բեմականացումը, որը զվարճություն և մեծ ուրախություն պատճառեց նրանց: Միջոցառման 2-րդ մասը նվիրված էր գիրք նվիրելու օրվան: Արդեն վաղուց ավանդույթ է դպրոցում բոլոր դասարանների կողմից դպրոցի գրադարանին գրքեր նվիրելու արարողությունը: Փոքրիկ հաղորդավարների գրքի ու ընթերցանության հակիրճ խոսքից հետո դպրոցի 1-4-րդ դասարանները իրենց պատրաստած նվեր-գրքերը հանձնեցին գրադարանավարին: Սա մի ավանդական արարողություն է, որի ընթացքում դասարանների ներկայացուցիչները նվեւ-գրքերը հանձնելիս սրտառոց խոսք են ասում գրքի ու ընթերցասիրության մասին: Միջոցառման ավարտին փոքրիկ հաղորդավարների՝ արդեն մայրենիին նվիրված խոսքով ու ողջ դահլիճի մասնակցությամբ հնչած երգով եզրափակվեց մայրենիի շաբաթվա շրջանակներում նախատեսված առաջին միջոցառումը:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: