Նորություններ

ԿԳ նախարարի անդրադարձը կրթության ոլորտի առանցքային հարցերին

Ուշագրավ 2018-02-19

Այսօր կայացած 2017 թվականի ամփոփիչ ասուլիսի ընթացքում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը խոսել է 2017 թվականին իրականացված աշխատանքներից, ինչպես նաև անդրադարձել 2018 թվականի կարևոր նախագծերին: Նախարարը խոսել է նախակրթարանների ներդրման ծրագրից, ներառական կրթության դաշտում առկա խնդիրներից՝ նշելով, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 172 երեխա տեղափոխվել է սովորական հանրակրթական դպրոց, իսկ 8300 երեխաների համար ստեղծվել է ուսուցչի 520 օգնականի հաստիք: Նախարարը փաստել է նաև,որ ներկայումս ներառական կրթությունն իրականացվում է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, իսկ 2018-ին սպասվում է, որ համակարգը կներդրվի նաև Արմավիրի մարզում։ Լևոն Մկրտչյանը նշել է, որ հաճախ հատուկ կրթություն իրականացնող հաստատություններում կեղծ ամրագրումներ են լինում, որովհետև այդ կրթօջախներում ֆինանսավորումը բարձր է: «Չի թույլատրվելու, որ հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ իրականացվեն բոլորովին այլ նպատակներ հետապնդող ծրագրեր»,-ընդգծել է նախարարը: Ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցների էլեկտրոնային գրադարաններին, դպրոցական դասագրքերի ծավալներին: Նշվել է, որ դպրոցականների պայուսակների ծանրությունը շարունակում է մտահոգիչ լինել: Նախարարը կոչ է արել ծնողներին դասագրքերից բացի այլ բաներով չծանրաբեռնել երեխաների պայուսակները, ինչպես նաև պակասեցնել նրանց ընդմիջման համար նախատեսված ուտելիքի չափերը: Ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել նաև 16 առարկաների աշակերտական օլիմպիադաներին, որոնց մասնակցել է 1490 սովորող։ Նշվել է, որ միջազգային օլիմպիադաներից մեր երեխաները 5 արծաթ և 8 բրոնզ են բերել: Նախարարը նշել է, որ 2017 թ. 13 դպրոցներում ֆինանսական կրթության պիլոտային ծրագիր է ներդրվել․ 46 ուսուցիչ է վերապատրաստվել և 6000 սովորող ընդգրկվել ծրագրում: Տեխնոլոգիա առարկայի ծրագիր է ներդրվել, որում ներգրավված է 62900 աշակերտ: Աղբյուրը՝ Aravot.am, Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: