Նորություններ

ՀՈՒԶԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Կրթական 2018-02-14

Արցախյան ազատամարտի 30-ամյակին էր նվիրված Ստեփանակերտի համար 6 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի դասղեկ Վարյա Ավետիսյանի դասղեկական ժամը: Ուսուցչուհին հրավիրել էր Արցախյան ազատամարտի մասնակից, ԼՂՀ գրողների միության անդամ, պատմաբան Ալեքսանդր (Շուրա) Հասրաթյանին և նրա տիկնոջը՝ Լարիսա Հասրաթյանին: Հյուրերին ներկայացնելուց հետո Վ. Ավետիսյանը հանգամանորեն ներկայացրեց Ղարաբաղյան հարցի պատմությունը: Նա ընդգծեց, որ 1921 թվականի հուլիսի 5-ին, անտեսելով ժողովրդի ազգային շահերը, Ստալինը Ղարաբաղը բռնակցեց Ադրբեջանին: Պատմաբան Հասրաթյանը մանրամասն պատմեց Ադրբեջանի վարած խորամանկ քաղաքականության աղետաբեր հետևանքների մասին: Ալեքսանդր Հասրաթյանի որդին՝ Իգոր Հասրաթյանը, դեռևս դպրոցական տարիներից Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից էր: <<Պրոֆեսոր>> մականունով էին կոչում նրան: Արցախյան շարժմանն անդամագրվելու կասկածանքով նրան ուզում էին հեռացնել դպրոցից: <<Հանճարեղ պատանին>> գերազանցությամբ հանձնել է ընդունելության քննությունը և 1990 թվականից դարձել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի ուսանող, որի ավարտական (գերազանցությամբ) դիպլոմին արժանացել է հետմահու: Այս շրջանում էլ նա մտնում է <<Ցեղակրոն>> կուսակցության շարքերը, դառնում նժդեհագետ, շրջում է Արցախի տարբեր վայրերում, ոգեշունչ ելույթներ է ունենում 17-ամյա պատանին: Համալսարանի առաջին կուրսի ուսանողը դասախոս Ռոնա Բալայանի փոխարեն դաս է վարում և իր ունեցած խորքային ու համապարփակ գիտելիքներով հիացնում ունկնդիրներին: Հեղինակել է <<Զվարթ գիտություն>> փիլիսոփայական գիրքը, որի համար կարող էր դառնալ փիլիսոփայական գիտությունների թեկնածու: Երկրորդ կուրսում սովորելու տարիներին խնդրում է ռեկտորին ժամեր տրամադրել իրեն՝ անվճար հիմունքներով դասընթացներ վարելու համար: Սկզբից Իգորը մասնակցել է հայդուկային շարժմանը: Եղել է Կարաչինարում, Մանաշիդում, Բուզլուխում, Մարտունաշենում, Թալիշում, Կիչանում, Ղազանչիում, Վաղուհասում, Խնկավանում, Ճարտարում, Գիշիում, Շոշում: Մարտական գործողություններին մասնակցել է Կարմիրավանի, Սեյսուլանի, Խոջալուի, Հովսեփավանի, Նախիջևանիկի, Փրջամալի, Քյաթուկի, Վարազաբունի, Դահրազի, Աղբուլաղի գյուղերում: Իգոր Հասրաթյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության <<Մարտական Խաչ>> 2-րդ աստիճանի շքանշաններով և <<Մայրական երախտագիտություն>> մեդալով: Հանդիպման վերջում Ալ. Հասրաթյանը դպրոցին նվիրեց իր հեղինակած <<Մորս վիշտն ու տառապանքները>> և <<Լեգենդ անմահության>> գրքերը: Ալ. Հասրաթյանը հավաքել է որդու ձեռագրերը: Գտնվել են հովանավորներ: Իգորի մտորումները տպագրված են: Ստեփանակերտի համար 6 հիմնական դպրոցի ՍՀԴԱԿ՝ Նանար Սիմոնյան

Ստեփանակերտ, ք. Ստեփանակերտի թիվ 6 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: