Նորություններ

Ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի տարածումը՝ քննարկման առանցքում

Սպորտ 2018-02-13

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն` ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման, միջոցառումների իրականացման արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Վարչապետը կարևորել է առողջ ապրելակերպի տարածումը՝ ընդգծելով, որ պետք է իրականացնել համալիր ծրագիր: «Այս հարցին 2018 թվականին պետք է մեծ ուշադրություն դարձնել, անհրաժեշտ է նման միջոցառումների աշխարհագրությունը մեծացնել: Յուրաքանչյուր մարզպետարան պետք է ձեր այս քաղաքականության մասին պատշաճ կերպով իրազեկված լինի», - նշել է կառավարության ղեկավարը: Մեծապես կարևորվել է սոցիալապես անապահով և առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի տարածումը: «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել և մաքսիմալ աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Նրանք պետք է հնարավություն ունենան զբաղվել սպորտով, դա ուղղակի բոլորիս պարտքն է», - նշել է Կարեն Կարապետյանը: Զեկուցվել է, որ անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը, որին մասնակցել են երեխաների խնամքի և պաշտպանության 12 հաստատության 300 մասնակից: Մրցույթն անցկացվել է 5 մրցաձևերով: Զեկուցվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, Կրթության և գիտության նախարարությունների հետ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի գործունեությունն ուղղված է ֆիզիկական կուլտուրա առարկայի ուսումնական ծրագրի արդիականացմանը: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածման նպատակով իրականացված աշխատանքների մասին, որոնց մասնակցել է շուրջ 112 հազար մարդ: Հանրության շրջանում առողջ ապրելակեպի քարոզման նպատակով Երևանում և տարբեր մարզերում 6-8 մարզաձևերով ամեն շաբաթ կազմակերպվել են անվճար մարզումներ՝ պրոֆեսիոնալ մարզիչների մասնակցությամբ: Մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ սպորտի ոլորտում իրականացվել է ներդրումային 4 ծրագիր: Մասնավորապես, կառուցվել է Օլիմպավանի լողավազանն ու խաղային մարզաձևերի դահլիճը, ինչի համար ներդրվել է 4 մլն դոլար, Իջևանում կառուցվել է նոր լողավազան, Սիսիանում՝ նոր մարզադահլիճ, որտեղ տարբեր մարզաձևերով մարզվում են 200-ից ավելի երեխաներ: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շուտով ավարտին կմոտենան Insport անվանմամբ մարզա-առողջարանային համալիրի կառուցման շինաշխատանքները: Ծրագիրը գնահատվում է 2,4 մլն դոլար: Նախատեսվում է, որ այն իր դռները կբացի հունիսին: Աղբյուրը՝ Gov.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: