Նորություններ

Հայաստանի ուսումնական հաստատություններին ներկայացված պահանջները

Ուշագրավ 2018-02-02

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի համապատասխան որոշմամբ Հայաստանի ուսումնական հաստատություններին ներկայացվել են մի շարք պահանջներ՝ երեխաների առողջ, անվտանգ ուսուցման համար։ Ըստ հրամանի՝ հաստատության 1-9-րդ դասարաններում նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում չի թույլատրվում, իսկ 10-12-րդ դասարաններում թույլատրվում է նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում: Դասացուցակը պետք է կազմվի՝ հաշվի առնելով առարկաների բարդության աստիճանի սանդղակը, սովորողների օրվա և շաբաթվա մտավոր աշխատունակության առավելագույն թույլատրելի նորմերը, դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Դասամիջոցների տևողությունը պետք է կազմի 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը՝ 20-30 րոպե․ հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց՝ 20-ական րոպե տևողությամբ: Մեծ դասամիջոցը պետք է կազմակերպվի 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո: Երեխաների դպրոցական պայուսակների ծանրության հարցը ևս կարգավորվում է այս որոշմամբ․ սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ: Որոշումը նաև կարգավորում է հաստատության սանիտարական վիճակին և պահպանմանը ներկայացվող պահանջները, որոնց համաձայն՝ դպրոցները պետք է մաքուր լինեն, ամեն օր պետք է իրականացվի ընթացիկ խոնավ մաքրում, իսկ ամիսը մեկ անգամ կատարվի շենքերի հիմնական մաքրում: Ամենօրյա խոնավ մաքրումը՝ ախտահանիչ լուծույթների օգտագործմամբ, առնվազն օրը 2 անգամ, պետք է իրականացվի սանհանգույցներում, առկա ցնցուղարաններում, բժշկի կաբինետում և սննդի կառուցահատվածում: Դասարանների և այլ ուսումնական ու օժանդակ շենքերի մաքրումը պետք է կատարվի դասերից հետո՝ բաց պատուհաններով: Եթե հաստատությունը աշխատում է 2 հերթափոխով, մաքրումը պետք է կատարվի երկու անգամ: Անհրաժեշտ է լվանալ հատակը, մաքրել փոշու կուտակման տեղերը՝ լուսամուտագոգերը, ջերմամատակարարման մարտկոցները և այլն: Պատուհանները և շերտավարագույրներն անհրաժեշտ է լվանալ առնվազն տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը: Նախարարը նաև պահանջում է, որ ցնցուղարանների և զուգարանների սանիտարատեխնիկական սարքավորումները (զուգարանակոնք, լվացարան, բռնակներ), հատակը, պատերը, դռներն ամեն օր լվացվեն օճառով և տաք ջրով: Շենքերի պատերը, հատակը, դռների բռնակները և սարքավորումները ևս պետք է մաքրվեն և ախտահանվեն: Մաքրման աշխատանքները պետք է կատարվեն այդ նպատակի համար հատկացված, մակնշված և ըստ նշանակության օգտագործվող մաքրման գույքով (դույլեր, թասեր, խոզանակներ, լաթեր և այլն) և մաքրող-ախտահանող նյութերով՝ կիրառման հրահանգում նշված ցուցումներին համապատասխան: Զուգարաններում կենցաղային աղբը պետք է կուտակել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում: Աղբյուրը՝ Life.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: