Նորություններ

Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարին

Կրթական 2018-01-12

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի նոր ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին: Շնորհավորելով մեր երկրում առաքելության մեկնարկի առթիվ՝ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ առկա համագործակցությունն առաջիկայում կարձանագրի որակական նոր մակարդակ: Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ոչ միայն հաջողված ընթացք ունի, այլ նաև հասարակության կողմից դրական ընկալում: «Դպրոցական սննդի ծրագիրը մեր ամենահաջողված նախաձեռնություններից է, որն ունի ոչ միայն սոցիալական կարևորություն, այլ նաև դաստիարակչական լուրջ բաղադրիչ, որը դպրոցական վաղ տարիքում ձևավորում է համակեցության շատ կարևոր վարք»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշել է նաև, որ ՀՀ կառավարության կողմից ստեղծված «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամն արդեն լավ արդյունքներ է արձանագրել՝ մասնավորապես տարբեր մարզերի դպրոցներում վերապատրաստվել է ավելի քան 500 տնօրեն և ուսուցիչ: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Ռուսաստանի դաշնության կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր մարզերի (բացառությամբ Երևանի) 1-4-րդ դասարանների երեխաներն ապահովվում են սննդով: Համաձայն ՄԱԿ-ի ՊՀԾ-ի և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական օժանդակությամբ մշակված հայեցակարգի ու ազգային ռազմավարության՝ նախատեսվում է ծրագրի աստիճանաբար փոխանցում ՀՀ կառավարությանը, որը կրում է Ազգային ծրագրի պատասխանատվությունը: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ջանկարլո Ստոպպոնին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար: Կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ նա ընդգծել է, որ ծրագիրն իրագործվում է ի շահ Հայաստանի երեխաների, ուստի ակնկալում են երկարատև և բեղմնավոր համագործակցություն: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: