Նորություններ

Գրական ընթերցում-քննարկում

Կրթական 2017-12-21

Հերթական ուսանելի դասն էր Արարատի մարզի Ոսկետափի ավագ դպրոցի IX Բ դասարանում: Դասը վարում էր բանասեր, մանկավարժական գիտությունների թեկնածու Տաթևիկ Մկրտչյանը: Դասի թեման արտադասարանական ընթերցանության շրջանակում Ավետիք Իսահակյանի <<Արջն ու օձը>> առակի ընթերցումն ու քննարկումն էր: Դասի նպատակն էր համագործակցել գրադարանի հետ, ձևավորել լսելու հմտություն, բառարանից օգտվելու մշակույթ, սովորողներին առավելագույնս ներգրավվել դասի ընթացքի, նյութի հետազոտման մեջ: Աշակերտները բարձրաձայն ընթերցեցին առակը` մեկը մյուսին շարունակելով, այնուհետև առակից դուրս գրեցին և բառարանի օգնությամբ բացատրեցին անծանոթ բառերն ու արտահայտությունները, կատարեցին փոխադարձ հարցադրումներ, առակի բովանդակության և բարոյախոսության շուրջ ծավալվեց քննարկում` նշելով, որ առակը ճշմարիտ ընկերության մասին է, և մարդը առանց ընկերոջ ու ընկերության չի կարող ապրել: Առակը դաստիարակչական առումով խիստ նպատակային էր ընտրված, որովհետև հենց այս տարիքում են սովորողների մեջ սկսվում ձևավորվել ու ամրապնդվել ընկերության գաղափարները: Ելնելով առակի բովանդակությունից և բարոյախոսությունից` աշակերտները եկան այն համոզման, որ իսկական ընկերության մեջ նվիրվածությունը պետք է լինի փոխադարձ, և եթե խախտվում է այդ փոխադարձությունը, ապա ընկերությունը դադարում է գոյություն ունենալ: Նրանք նաև առանձնացրին առակի առավել խոսուն հատվածը. այն է` արջը սրբորեն պահում-պահպանում էր ընկերության ուխտը, իսկ օձը շիտակ չէր, և արջը չգիտեր, թե նա ինչ նպատակներ ուներ: Առակն ավարտվում է արջի տված դասով. նա ջախջախում է ոչ շիտակ ընկերոջը` վերստին հաստատելով իսկական ընկերության պայմանը. -Ա՛յ, ընկերը էսպես շիտակ Պիտի լինի, Դե՛հ, շիփ-շիտակ գընա հիմի:

Արարատ, գ. Ոսկետափի թիվ 2 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: