Նորություններ

Վիկտորինա

Կրթական 2017-12-07

Քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և ժողովրդագրական տեղաշարժերի արդի ժամանակաշրջանում առանձնահատուկ նշանակություն են ստանում ազգային կյանքին, ազգային-մշակութային արժեքներին և ազգային ինքնությանը վերաբերող հիմնահարցերը: Միաժամանակ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների հարաճուն զարգացման, համաշխարհայնացան հետ կապված` նվազում է աճող սերնդի հետաքրքրությունն ազգային ակունքների, պատմության, լեզվի, մշակութային արժեքների, ազգային ավանդույթների նկատմամբ: Ժամանակակից մանկավարժության և բանիմաց մանկավարժի կարևորագույն խնդիրն է դպրոցականների մեջ արժեքային վերաբերմունք ձևավորել ազգի, նրա մշակույթի նկատմամբ, նպաստել ազգային ինքնագիտակցության զարգացմանը: Հենց այդ նպատակով այսօր` դեկտեմբերի 7-ին, Արարատի մարզի Ոսկետափի ավագ դպրոցում անցկացվեց վիկտորինա, որին մասնակցում էին X հումանիտար և XI բնագիտական դասարանների աշակերտները: Աշակերտներին նախապես հանձնարարվել էր գրականություն` բանահյուսական քրեստոմատիաներ, ձեռնարկներ, վերլուծական գրականություն, ապա ձևավորվել էին համագործակցային խմբեր, կատարվել էր աշխատանքի բաժանում: Յուրաքանչյուր խմբի հանձնարարվել էր որոշակի առաջադրանք` ուսումնասիրել և ներկայացնել հայ բանահյուսության նմուշներ, որտեղ առավելագույնս խտացված են ժողովրդի հոգեբանությունը, հավատալիքները, բարքերը, կենցաղը և այլն, ուսումնասիրել հանճարեղ նկարիչների, գրողների կենսագրություններն ու ստեղծագործությունները, ազգային արհեստները, խորհրդանիշները, ազգային նվագարանների դերը հայ ժողովրդի երաժշտական մշակույթի ասպարեզում, հայկական ավանդական ծեսերը, տոներն ու ավանդույթները, հայ ժողովրդական և հոգևոր երգերը: Այն, որ աշակերտները հետաքրքրությամբ ու պատասխանատվությամբ էին վերաբերվել հանձնարարությանը, վկայեցին վիկտորինայի ընթացքում նրանց տված անթերի պատասխաններն ու կատարված աշխատանքների բազմազան մոտեցումը: Աշակերտներն իրենց ուսուցչուհու` բանասեր, մանկավարժական գիտությունների թեկնածու Տաթևիկ Մկրտչյանի օգնությամբ որոնել, մշակել էին անհրաժեշտ տեղեկատվությունը, ընտրել էին նյութի մատուցման գրավիչ ձևեր` օգտագործելով նաև համակարգչային գրաֆիկայի հնարավորությունները: Վիկտորինային նախապատրաստվելու համար կիրառված մեթոդիկան նպաստեց ավագ դպրոցականների ազգային ինքնագիտակցության ձևավորման բոլոր բաղադրատարրերի զարգացմանը` ազգային հատկանիշների, մտածելակերպի, հոգեկերտվածքի վերաբերյալ գիտելիքների տիրապետմանը, տպագիր և էլեկտրոնային աղբյուրներից տեղեկատվության ինքնուրույն որոնմանը, մշակմանը և համակարգմանը, ուսուցանվող նյութի նկատմամբ դրական դրդապատճառների ձևավորմանը, ստեղծագործական ակտիվության զարգացմանը, ազգային-մշակութային արժեքների նկատմամբ հուզական վերաբերմունքի և գեղագիտական վարքի ձևավորմանը:

Արարատ, գ. Ոսկետափի թիվ 2 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: