Նորություններ

Բաց դաս հայոց լեզվից

Կրթական 2017-12-06

Յուրաքանչյուր դաս ստեղծագործություն է և ուսուցչի յուրովի մոտեցման արդյունք: Ոսկետափի ավագ դպրոցի IXԲ դասարանում «Բայական անդամի լրացումներ» թեմայի ամփոփման բաց դաս էր, ավելի ճիշտ` դաս-ներկայացում: Դասն անցկացվեց ԽԻԿ համակարգով` մանկավարժական նոր տեխնոլոգիաների և ավանդական ձևերի զուգորդմամբ: Ուսուցչուհին` բանասեր, մանկավարժական գիտությունների թեկնածու Տաթևիկ Մկրտչյանը, դասն անցկացրեց շատ հետաքրքիր և բարձր մակարդակով: Խթանման փուլում <<Մտագրոհ>> մեթոդի միջոցով աշակերտները պարզեցին` ի՞նչ է լեզուն և ի՞նչ տեսակետներ կան լեզվի բնորոշման վերաբերյալ: Փորձեցին համեմատել լեզուն և շենքը. ինչպես շենքի կառուցման համար շինանյութերի տեսակներ են հարկավոր, և այդ շինանյութերը մշակող` տաշող, հղկող ու ձևավորող վարպետ, այնպես էլ որպես լեզվի շինանյութեր ծառայում են հնչյուններն ու բառերը, իսկ դրանց ձևավորման` նախադասություն ու խոսք կառուցելու վարպետի դերը կատարում է քերականությունը` իր երկու բաժիններով` ձևաբանություն և շարահյուսություն: Եվ քանի որ հենց շարահյուսություն բաժնում են ուսումնասիրում խնդիրներն ու պարագաները, փորձեցին <<Վենի դիագրամ>> մեթոդի օգնությամբ համառոտ ներկայացնել խնդիրների ու պարագաների ընդհանրություններն ու տարբերությունները: Իմաստի ընկալման փուլում աշակերտները գեղարվեստական համարների միջոցով ներկայացրին խնդիրներն ու պարագաները: Նրանք ոգևորված էին, խանդավառված. յուրաքանչյուրն իր դերի մեջ էր: Կշռադատման փուլում ինքնուրույն և անսխալ կատարեցին շարահյուսական վերլուծություններ, սահմանեցին նախադասության գլխավոր և երկրորդական անդամները: Դասն ավարտվեց, սակայն պահի ոգեշնչվածությունը տևականորեն դեռ երկար կուղեկցի ներկաներին:

Արարատ, գ. Ոսկետափի թիվ 2 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: