Նորություններ

Ներկայացվել են 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշերը

Սպորտ 2017-12-01

Շուտով Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կտրվի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը: Փետրվարի 9-25-ն ընկած ժամանակահատվածում հազարավոր մարզիկներ կպայքարեն յոթ մարզաձևի 15 մրցաձևում: Հարավային Կորեայում արդեն մի քանի շաբաթ շրջող օլիմպիական կրակը խաղերի մեկնարկին կհասնի Փհենչհան՝ «Օլիմպիական ստադիոն»: Փհենչհան-2018-ի տարբերանշանն ստեղծելիս օգտագործվել է Փհենչհան (평창) բառի յուրաքանչյուր վանկի առաջին բաղաձայնը: Տարբերանշանը խորհրդանշում է երկնքի, երկրի և մարդկության ներդաշնակությունը, ինչպես նաև՝ ձյունն ու սառույցը, մարզիկների աստղային ելույթները: Իսկ ահա թալիսմանի ստեղծման ոգեշնչման աղբյուր է դարձել սպիտակ վագրը, որն այդ երկրի խորհրդանիշն է: Թալիսմանի անունը Սուհորան է (Soohorang): Ի դեպ, «Sooho» կորեերեն նշանակում է պաշտպանություն, «Rang»՝ վագր: Նշենք նաև, որ 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները կշռում են 493-586 գրամ և արտացոլում են հարավկորեական ավանդույթներն ու մշակույթը: Մեդալների դիզայնը ծառի կոճղերի հյուսվածքների տեսքով է, որի առջևում պատկերված են օլիմպիական օղակները, իսկ հետևում՝ Փհենչհան-2018-ի տարբերանշանը: Ընդհանուր առմամբ ստեղծվել է 259 մեդալ: Փհենչհան 2018-ի ջահի երկարությունը 700 մմ է, այն ներկայացնում է քաղաքի 700մ բարձրությունը ծովի մակարդակից: Ջահի հիմնական գույները սպիտակն ու ոսկեգույնն են, իսկ վերին հատվածի հինգ անկյունները խորհդանշում են սպորտի ոգին, որը միավորում է բոլոր ռասաները, ազգերը, կրոնները, գենդերները և մշակույթները: Այն խորհրդանշում է նաև օլիմպիական ընտանիքի հինգ մայրցամաքները: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: