Նորություններ

Ինչպե՞ս վարվել սեփական անվտանգությունն ապահովելու համար

Ուշագրավ 2017-11-21

Ծնողներին հուզող ամենակարևոր հարցերից մեկը երեխաների անվտանգությունն է: Յուրաքանչյուր ծնող ցանկանում է վստահ լինել, որ իր երեխան չի հայտնվի վտանգավոր իրավիճակում:
Նման իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար պետք է երեխային նախապես սովորեցնել ինչպես վարվել հետևյալ 16 իրավիճակներում.
 
1. Ի՞նչ անել, եթե ծնողները տանը չեն և ինչ-որ մեկը պատրաստվում է դրսից բացել դուռը:
Անհրաժեշտ է անմիջապես զանգահարել ծնողներին, այնուհետև՝ ոստիկանություն (102) կամ փրկարար ծառայություն (911): Այդ ժամանակահատվածում ծնողները կհասցնեն զանգահարել հարևաններին, որ օգնեն երեխային:
2. Արդյո՞ք կարելի է կոնֆետ վերցնել անծանոթ կնոջից:
Անծանոթներից ուտելիք, խաղալիք կամ այլ իրեր վերցնել կտրականապես արգելվում է:
 
3. Ի՞նչ անել, եթե վարդակից ծուխ է ելնում, ու տանը մեծերից ոչ ոք չկա:
Հրդեհի կամ գազի արտահոսքի վտանգի առաջացման ժամանակ պետք է անհապաղ լքել բնակարանն ու զանգել հրշեջ ծառայություն (101), փրկարար ծառայություն (911) կամ գազի սպասարկման ծառայություն (104): Արգելվում է ինքնուրույն մարել կրակը:
4. Արդյո՞ք պետք է  օգնել օգնություն խնդրող անծանոթ մեծահասակին: 
Երբ մեծահասակն օգնության կարիք ունի, նա առաջին հերթին իր հասակակիցներից դա կխնդրի, ոչ թե երեխայից: Ուստի, եթե ինչ-որ անծանոթ ձեզնից օգնություն է խնդրում, նրան պետք է անպայմանորեն մերժել ու շտապ հեռանալ:
 
5. Ի՞նչ անել, եթե քեզ վրա հարձակվում են մի խումբ շներ:
Կենդանիների դեպքում կարևորը հանգստությունը պահպանելն է ու ագրեսիա չհրահրելը: Կարելի է շներին շեղել ինչ-որ առարկայով՝ գլխարկով, անձրևանոցով և այլն: Պետք է դանդաղ հեռանալ, բայց ոչ մի դեպքում չնայել շների աչքերին կամ չշրջվել մեջքով դեպի շները:
6. Արդյո՞ք կարելի է հյուր գնալ հասակակցին, ում հետ նոր-նոր ես ծանոթացել:
Քիչ ծանոթ մարդկանց հյուր գնալ, անգամ եթե նա հասակակից է, չի կարելի:
 
7. Ի՞նչ անել, եթե տանը գազի հոտ է գալիս:
Զանգել փրկարար ծառայություն (911) կամ գազի ծառայություն (104): Սովորեցրեք երեխային խուճապի չմատնվել ու չամաչել նման տեղեր զանգելուց. լավ է կեղծ ահազանգ լինի, քան պայթյուն:
8. Եթե վերելակին սպասելիս անծանոթներ են մոտեցել, կարելի՞ է արդյոք նրանց հետ մտնել վերելակ:
Անծանոթի՝ միասին վերելակ նստելու առաջարկին պետք է միանշանակ մերժումով պատասխանել: Նման իրավիճակներում կարելի է ստել՝ իբրև թե ծնողներին է սպասում, ովքեր ուր որ է կգան:
 
9. Ի՞նչ պետք է անել, եթե նկատել ես, որ քեզ հետևում են:
Պետք է մտնել մարդաշատ տեղ՝ խանութ, վարսավիրանոց, սրճարան և փորձել զանգել ծնողներին ու հաղորդել հետապնդման մասին:
10. Ո՞ւմ առջև կարելի է բացել դուռը, եթե երեխան տանը մենակ է:
Կտրականապես արգելվում է դուռը բացել անծանոթների առջև՝ անկախ նրանց սեռից, տարիքից:
 
11. Ի՞նչ պետք է անել, եթե անծանոթը բռնել է երեխակյին ու բաց չի թողնում:
Պետք է հնարավորինս շուտ գրավել մարդկանց ուշադրությունը. կարելի է գոռալ, կռվել, նաև խփել մեքենաներին, որպեսզի ազդանշանը միանա:
12. Ի՞նչ պետք է անի երեխան, եթե կորել է մարդկանց բազմության մեջ:
Նման դեպքերում պետք է հանգստությունը պահպանել, աստիճանաբար քայլել դեպի ամբոխի ծայրը՝ աշխատելով չհեռանալ այն նույն տեղից, որտեղ որ վերջին անգամ եղել է իրեն ուղեկցող մեծահասակների հետ մինչև նրանց տեսադաշտից կորցնելը:
 
13. Ի՞նչ անել կայծակի ժամանակ փողոցում գտնվելիս:
Գտնել անվտանգ ծածկ՝ խանութ կամ շքամուտք, հեռու մնալ ջրավազաններից, մետաղական շինություններից, բարձր ծառերից:
14. Ի՞նչ անել, եթե համացանցում ինչ-որ մեկն սպառնում է երեխային կամ նրա   հարազատներին:
Ցանկացած տեսակի սպառնալիքի մասին անհապաղ պետք է հայտնել ծնողներին, ոստիկանությանը կամ վստահության ծառայություններին:
 
15. Երեխային կանչել են սառած գետի վրա խաղալու. Կարելի՞  է արդյոք գնալ:
Սառած ջրերի վրա առանց մեծահասակների սահելը միանշանակ արգելվում է:
16. Արդյո՞ք կարելի է վերցնել դեղատուփը, եթե ծնողները տանը չեն:
Որպեսզի երեխան պատկերացնի դեղերի ինքնագլուխ օգտագործման վտագը, նրան պետք է մանրամասն բացատրել դա: Երբեք չի կարելի խաղալ դեղատուփի հետ, խմել դրանում եղած կամ ուրիշներին պատկանող դեղորայքը:
 
Աղբյուրը՝ Mamul.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: