Նորություններ

Անգլերենի ուսուցման ակումբ՝ 9-16 տարեկան երեխաների համար

Ուշագրավ 2017-11-08

Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է անգլերենի ուսուցման ակումբ համայնքի 9-16 տարեկան երեխաների համար: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: Դպրոցի նորաբաց անգելերնի ակումբը «Փոփոխության սերունդ» նախագծի շրջանակում հիմնադրված երկրորդ կենտրոնն է. առաջինը բացվել էր Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: «Կրթությունը ճանապարհ է, որը տանում է դեպի լավ ապագա: Ճանապարհներ, գուցե, կյանքում շատ կան, սակայն այս ճանապարհի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն ամբողջությամբ ձեր ձեռքերում է և դուք եք հարթեցնում, բարեկարգում և նորոգում այն: Հայաստանը փոքր է ազգաբնակչությամբ և տարածքով: Ոմանք այն կարծիքն են, դա վատ է, կան նաև կարծիքներ, որ դա առավելություններ ունի: Առավելությունն այն է, որ մենք, փոքրությամբ պայմանավորված, բաց ենք նորություններ ընդունելու, ինչպես նաև մեր մշակույթն ու արժեքները աշխարհին փոխանցելու առումով: Լեզուների, հատկապես անգլերենի իմացությունն այդ ճանապարհին անցնելու արդյունավետ միջոց է: Միջոց, որը մեր առջև դռներ է բացում ոչ միայն մեր մշակույթն աշխարհին ներկայացնելու, այլ նաև աշխարհի շատ ժողովուրդների մշակույթին հաղորդ դառանալու համար: Լինելով ՀՀ քաղաքացի՝ մեր առաջնային խնդիրն է պահել մեր ազգային ինքնությունը, մեր մշակույթն ու լեզուն, գիտակցել դրանց բացառիկ արժեքը՝ միաժամանակ ունենալ աշխարհի համար բաց լինելու գիտակցումը»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ կարևորելով կրթության դերակատարումը հասարակությունը բարեփոխելու գործընթացում: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը տեղեկացրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական՝ ևս 4 մարզերում կբացվեն անգլերենի ակումբներ: Բացման հանդիսությունից հետո տեղի է ունեցել անգլերենի առաջին բաց դասը, որը վարել է Բրիտանական խորհրդի վերապատրաստում անցած դպրոցի ուսուցչուհին: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: