Նորություններ

«Դպրոցականների առողջության պահպանման խնդիրներն ուսումնական գործընթացում». սեմինար-քննարկում

Կրթական 2017-11-01

Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված սեմինար-քննարկումների հերթական թեման էր «Դպրոցականների առողջության պահպանման խնդիրներն ուսումնական գործընթացում»: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների, մարզային կրթության վարչությունների, Սննդի անվտանգության պետական տեսչության, Երևանի քաղաքապետարանի և տարբեր դպրոցների ներկայացուցիչներ: Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը նշել է, որ քննարկումների նպատակն է բարձրաձայնել խնդիրները և փորձել իրականացնել այն, ինչը սահմանված է իրավական ակտերով: «Մենք պետք է ազնվորեն նշենք, որ միգուցե չենք կարող պահպանել որոշ նորմատիվային պայմաններ, որովհետև չունենք համապատասխան հնարավորություններ, բայց կան նաև խնդիրներ, որոնք կարող են լուծում ստանալ: Օրինակ դասացուցակի կազմման պահանջները՝ առարկաների ուսումնառության մատչելիության ճիշտ հերթականությամբ, կրկնակի դասերի նվազագույնի հասցնելու, իսկ կրտսեր դպրոցում իսպառ բացառելու սկզբունքով, որովհետև դա նորմատիվ պահանջ է: Խնդիրներն, իհարկե, տարբեր են. մենք մի դեպքում կարող ենք և պարտավոր ենք նորմատիվները պահպանել անշեղորեն, կան նաև դեպքեր, երբ պետք է խոստովանել, որ դրանք կամ հին են, կամ ոչ իրատեսական, կամ էլ դրսից բերված և տեղայնացված չեն: Հետևաբար, պետք է դրանք վերանայել՝ նպատակ ունենալով պահպանել սովորողի առողջությունը»,- իր խոսքում նշել է Նորայր Ղուկասյանը: Կան նաև տարբեր խնդիրներ՝ պայմանավորված դասագրքերի տեխնիկական, սանիտարահիգիենիկ և բովանդակային պահանջներով, ինչպես նաև աշակերտների խտության, դպրոցական սննդի կազմակերպման և բազմաթիվ այլ հարցերով: Ըստ Ն. Ղուկասյանի՝ պետք է հստակեցնել, թե պետության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել դպրոցականների առողջության պահպանման ուղղությամբ, ըստ պատասխանատվության ոլորտների և ինչ քայլեր են ձեռնարկվելու բացասական գործոնները վերացնելու ուղղությամբ: Սեմինարի ընթացքում գլխավոր զեկույցով հանդես է եկել ԿԱԻ առողջության և սոցիալ-հոգեբանական հետազոտությունների բաժնի պետ Ժասմինա Մաշուրյանը, ով հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել սովորողների առողջության վերաբերյալ՝ հղում անելով միջազգային հետազոտական որոշակի տվյալներին: Անդրադառնալով նորմատիվ ակտերին՝ նշվել են մի շարք խնդրահարույց պահանջներ, որոնք վերաբերում են դասագրքերի և դպրոցական պայուսակների քաշին, տնային առաջադրանքներին հատկացվող ժամանակահատվածին, դասացուցակներին, դպրոցական սննդին, դասասենյակների մակերեսին: Առանձին անդրադարձ է արվել դասապրոցեսի ընթացքում ՏՀՏ-ի կիրառման նորմատիվներին, նշվել է, որ առաջին դասարանում դասի ժամանակ 10 րոպեից ավելի համակարգչի կիրառումը ընդունելի չէ: Թվարկվել են դպրոցական սննդի թույլատրելի տեսակները և դրա կազմակերպման և վերահսկողության նորմատիվային պահանջները: Առանձնակի շեշտվել է տնային առաջադրանքների ծավալը և ծանրաբեռնվածությունը, որը ևս դիտարկվում է սովորողի առողջությանը վնասող գործոն: Նշենք, որ հաջորդ քննարկումը նվիրված է լինելու ուսումնական գործընթացում ՏՀՏ գործիքների կիրառման խնդրին: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: