Նորություններ

Մասնագիտական գիտելիքների հետքերով

Կրթական 2017-10-31

Մեկշաբաթյա աշնանային արձակուրդ: Ուրախ ենք, իհարկե: Բայց արձակուրդ՝ ամենևին չի նշանակում տնակեցություն, առավել ևս՝ մտքի հանգիստ: Մենք նախընտրում ենք շփումը, ճանապարհի հաճույքն ու բացօթյա ուսուցումը: Ուստիև արձակուրդի նախօրեին՝ հոկտեմբերի 28-ին, 8-12-րդ դասարանցիներով ճամփա ընկանք դեպի հարավ: Աշնանային մելամաղձիկ օր էր: Արևն էլ իրեն արձակուրդի իրավունք էր վերապահել ու թաք կացել ամպերի թիկունքում: Բայց արևոտ էին մեր հոգիները: Կամաց-կամաց գունափոխվում էր բնությունը՝ Շիրակի դեղնաշագանակագույնից մինչ Արարատի մարզի կարմիր-դեղնականաչը: Մտավոր խաղ-վարժանքները, գիտելիքներով մրցելը, խինդն ու երգն էլ կարճում էին ճանապարհը: Առավոտյան արդեն Սարդարապատում էինք: Գորշ երկինքը ծանր կախվել էր մեզ վրա, բայց ուշադրություն դարձնողն ո՞վ էր: Դանդաղ քայլում էինք արծիվների ճեմուղիով՝ վայելելով եզրային ծառ ու թփերի աշնանային գունախաղը: Սարդարապատի թանգարանն իսկական պարգև էր լինելու՝ իր հարուստ ցուցանմուշներով ու բանիմաց էքսկուրսավարով: Այստեղ համադրվել-լրացվելու էին մեր՝ դպրոցից ու նախորդ էքսկուրսիայից Էրեբունի-Շենգավիթի թանգարաններում ստացած գիտելիքները: Այստեղ տեսանելի էին դառնալու գյուղատնտեսական և կենցավարության այն առարկաները, որոնց մասին կարդում ենք հայ դասականների երկերում՝ առանց հստակ պատկերացում կազմելու: Այստեղ էլ պիտի նոր գիտելիքներ ձեռք բերեինք հայկական ժողովրդական տոնակատարությունների ու ծիսախաղերի վերաբերյալ: Տևական, բայց հետաքրքիր թանգարանային էքսկուրսիայից հետո հենց Սարդարապատում էլ դուրս հորդեց հոգում կուտակվածը արտասանությամբ և ութերորդցիների՝ թող որ փոքր-ինչ անարվեստ պարով: Հաջորդ կանգառը վաղուց սպասված, շատերիս համար երազանք դարձած Խոր վիրապում էր: Նախ սկսվեց բացօթյա դասը, որի ժամանակ իմացանք վանքի պատմությունը, և ապա ավագ դասարանցիները կրտսերներին ներկայացրին Ագաթանգեղոսի «Պատմությունից» հայտնի հատվածները, որոնք վերաբերում են Խոր վիրապին, Գրիգորին ու Տրդատ արքային: Շրջեցինք վանքում ու շրջակայքում, իջանք գուբերը, վերևից նայեցինք գեղաշեն կառույցին ու վայելեցինք երազանքի իրականացման երջանկությունը: Տունդարձի ճանապարհն անցավ Վաղարշապատով: Նախ եղանք Հռիփսիմե, իսկ երեկոյան աղջամուղջին՝ Շողակաթ եկեղեցիներում, որտեղ մեր դասերը վարելու իրավունքը տասներորդցիներ Սոնայինն ու Հեկտորինն էին: Երեկոյան ժամերգությունը, լուսաշող խորանները շատերիս հոգուն անդորրություն բերեցին: Մթնել էր, երբ Շողակաթ եկեղեցուց դուրս եկանք: Ծուլորեն քայլում էինք դեպի մեքենան, երբ երեխաներից մեկը երանությամբ խոսեց Վաղարշապատի փողոցներում պարզապես քայլելու հնարավորության մասին: Գիշերային լույսերով ողողված, անձրևով լվացված ու մարդկային աղմուկից ազատված մաքուր, ասֆալտապատ փողոցներ: Խաղաղ ու օրվա բերկրանքով ակաղձուն հոգիներին ուրիշ ի՞նչ էր պետք: Ինչու՞ չիրականացնել այսքան մոտ, այսքան հասարակ մի ցանկություն: Ու քայլեցինք... ազատ, անխռով, ժպտուն... ... Տունդարձի ճանապարհն աղմկոտ էր, բայց ոչ անհաճո. կրտսերների կատակը, տասներկուերորդցիների՝ սպասվող վերջին զանգի երգերը, տասներորդցիների՝ վերջիններին «զինակցելը», տիրող միասնականությունը գալիս էին հավաստելու, որ կրթվում են ոչ միայն դասարանում, այլև բաց երկնքի տակ ու անիվների վրա: Զրուցարանի խոսակցության ավարտ Գրել հաղորդագրություն...

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: