Նորություններ

«Ա» տառի ուսուցում

Կրթական 2017-10-26

Գավառ քաղաքի Ս. Քոչարյանցի անվան N 1 հիմնական դպրոցի IԲ դասարանում (դասվար՝ Ժ. Միրիբյան) ուսուցանվում էր «Ա» տառը: Դասն սկսվեց Արարատ լեռան մեծադիր նկարի շուրջ պատմություն հյուսելով: Աշակերտները պատմեցին Բիբլիական Արարատ լեռան մասին: Ուսուցչի հարցադրումների միջոցով վերհանվեց աշակերտների լեզվական գիտելիքների պաշարը՝ պատմություն-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն (ձայնավոր և բաղաձայն) շղթայի ձևով: Արարատ լեռան փեշերին «հավաքվեց» «Ա» տառը՝ մեջբերելով Մ. Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքից մի հատված: Աշակերտներին հյուր եկած Այբ-ը պատմեց տառերի ստեղծման անհրաժեշտության և կարևորության մասին՝ նրանց մտովի տեղափոխելով 5-րդ դար: Աշակերտները ծանոթացան «Ա ա» տառի գրությանը: Կատարվեց հնչյունի և տառի տարբերակումը՝ հնչյունին վերագրելով «մարմին» հասկացությունը: Ցուցադրվեց «Ա ա» տառի ձեռագիր ձևանմուշը: Աշակերտների կողմից կատարվեց տառի կառուվածքային վերլուծություն, ապա պրոեկցիոն լապտերով ցուցադրվեց մասնիկների միացումը: Աշակերտները թղթե մասնիկներից գրատախտակին հավաքեցին ձեռագիր «Ա ա» տառը: «Ա» տառի գրության ուսուցումը կատարվեց սկզբից կինետիկ ավազի վրա, որից հետո՝ թղթին («Ա» տառի բացիկ): Կատարվեց «Ա» հնչյունի տեղադրության վերլուծություն: Աշխատանքը կազմակերպվեց նախ աշակերտների անունների, ապա՝ գրատախտակին փակցված առարկաների շուրջ՝ խաղի ձևով: Կատարվեց աշխատանք դասագրքի «Ա ա» տառի նկարի շուրջ, որի մեծադիր նկարը փակցված էր նաև գրատախտակին. խճանկարը ամբողջական չէր, աշակերտները հավաքեցին և ամբողջացրին այն, որից հետո վերլուծեցին նկարը՝ արտահայտելով սեփական ընկալումները: Ուսուցիչը ամբողջացրեց աշակերտների միտքը՝ ստեղծելով մի գեղեցիկ պատմություն Արարատյան դաշտավայրի մասին: Կատարվեց համագործակցային աշխատանք, որի արդյունքում նկատելի դարձան աշակերտների ձեռքբերումները. աշակերտները կարողացան տարբերակել «Ա» հնչյուն-տառի տեղադրությունը, մեծատառի և փոքրատառի կիրառությունը հատուկ և հասարակ անուններում, «Ա» հնչյունի՝ որպես ձայնավորի, վանկարար արժեքը: Դասի ավարտին Այբ-ը աշակերտներին հղեց իր ուղերձը և որպես նվեր հանձնեց «Ա» տառը: Դասն ապահովեց ոչ միայն նյութի բազմակողմանի և լիարժեք ընկալումը, այլև աշակերտների բարձր տրամադրությունն ու անմոռաց հուշերի ստեղծումը:

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: