Նորություններ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ. Հաջողության բանաձև

Ուշագրավ 2017-10-19

Մաթեմատիկան գիտություն է կառուցվածքների, հաջորդականությունների և հարաբերությունների մասին: Պատմականորեն այն ձևավորվել և զարգացել է իրական առարկաները հաշվելու, դրանք չափելու և դրանց ձևերը նկարագրելու գործողությունների հիման վրա։ Մարդիկ մաթեմատիկայով զբաղվել են անհիշելի ժամանակներից, սակայն մաթեմատիկան զարգացման որոշակի մակարդակի է հասել Հին Հունաստանում, որտեղ ամենահայտնի մաթեմատիկոսներից էր Պյութագորասը: Նրան հռչակ է բերել երկրաչափության մեջ հայտնաբերած իր մի թեորեմը, որը կապ է հաստատում ուղղանկյուն եռանկյան կողմերի մեծությունների միջև, և հայտնի է Պյութագորասի թեորեմ անունով: Բազմաթիվ հայտնի մաթեմատիկոսներ իրենց տաղանդը դրսևորել են դեռևս վաղ տարիքում: XVII դարի ֆրանսիացի մաթեմատիկոս Բլեզ Պասկալը հանրահաշվի մասին իր աշխատությունը հրապարակել է ընդամենը 16 տարեկանում, իսկ 20 տարեկանում ստեղծել է թվերը գումարող և հանող մեքենա: Նա նաև աշխատություններ է գրել հավանականության տեսության մասին: Մաթեմատիկան զարգացած է եղել նաև հին և միջնադարյան Հայաստանում, որի տարածքում հայտնաբերված ամենահին աղբյուրները մ. թ. ա. IX–VII դարերի սեպագիր արձանագրություններն են: Դրանք վկայում են, որ դեռևս այն ժամանակ օգտագործվել է թվարկության որոշակի համակարգ. հատուկ պայմանանշաններով գրվել են ամբողջ ու կոտորակային թվեր, կատարվել գումարման ու հանման գործողություններ: Հայաստանում մաթեմատիկական գիտելիքների զարգացման մասին են վկայում հազարամյակներ առաջ կառուցված ամրոցներն ու պալատները, տաճարներն ու եկեղեցիները, կամուրջներն ու ոռոգման համակարգերը: «Հաջողության բանաձև»-ի այս թողարկումը կբացահայտի մաթեմատիկայի գաղտնիքները և մաթեմատիկոսների հաջողության բանաձևը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: