Նորություններ

ՈՒսուցչի արժևորման օր

Կրթական 2017-10-12

Ասում են իմաստունն էլ է ունեցել ուսուցիչ… Տոները բազմազան ու գեղեցիկ են նշվում մեր երկրում: Շատ են այն տոները, որոնց առանձնակի ենք սպասում: Սպասված է այսօր ուսուցչի տոնը Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 կրթարանում: Դեռ շքամուտքից արդեն զգացվում է տոնական տրամադրությունը, որտեղ մեծ ուրախությամբ շնորհավորանք է հղված բոլոր ուսուցիչներին: Առաջին հարկի ճեմապակու վահանակի վրայի գունեղ շնորհավորական բացիկները հրավերք են հղում՝ ուշադիր լինել, չանտեսել իրենց: Իսկ բացիկներում այնքան ջերմ ու տաք խոսքերի շարան կա, այնքան չասված և չհնչած մտքեր, բառեր են հղված իրենց սիրված, սիրելի, անփոխարինելի ուսուցիչներին: Հետաքրքիր է սլաքների շարժը՝ ամենքին ուղղորդում են երկրորդ հարկ, որտեղ շատ գեղեցիկ միջոցառում են կազմակերպել դպրոցական խորհրդի անդամները կազմակերպիչ Էմմա Հովհաննիսյանի աջակցությամբ: Ահա տողանի են կանգնում դպրոցի միջին ու բարձր դասարանների սաները: Նրանք բարի, ջերմ, չկրկնված ու հուզիչ տողեր են բաժանում սիրելի մարդկանց՝ ուսուցիչներին: Մեղմ ու քնքուշ երգերը՝ նվիրված ուսուցիչներին, խրոխտ տղաների պարը՝ զուգակցված հե˜յ-հե˜յ գոչյուններով, ևս մեկ անգամ հաստատեցին այն միտքը, որ ուսուցիչները թանկ ու սիրելի են իրենց համար: Հաճելի անակնկալներով շարանն այսօր անվերջ է, այսօր ինքնակառավարման օր է: ԵՎ դպրոցի ավագ դասարանների սաները ոգևորված և նախապես պատրաստված փոխարինում են իրենց սիրելի ուսուցիչներին՝ փորձելով նմանվել նրանց: Իսկ ուսուցչանոցում ևս անակնկալներ կան՝ առանձնահատուկ խորհրդանշական կրծքանշաններ և յուրաքանչյուր ուսուցչի համար հատուկ քառատող: Հաճելի ակնթարթների շարանի եզրափակիչ ակորդը դպրոցի 9-րդ դասարանի սաների անակնկալներն էին, որոնք նախաձեռնել էր դասղեկ Հ.Հարութունյանը: Թանկ ու սիրելի հուշերը երբեք չեն ջնջվի, անմոռաց հուշում կլինեն, որ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ էլ տոն ունեն… Տարրական դասարանների մեթոդ-մասնախմբի ղեկավար՝ Մ.Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: