Նորություններ

Կայացավ «Սուպեր Դավիթ» կրթական խաղի շնորհանդեսը

Ուշագրավ 2017-10-10

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Dasaran կրթական ծրագրի համատեղ ուժերով ստեղծված «Սուպեր Դավիթ» կրթական խաղի շնորհանդեսը: «Սուպեր Դավիթ» կրթական խաղի շնորհանդեսի հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, ՓԾ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և այլ պատվավոր հյուրեր, ինչպես նաև աշակերտներ և ուսուցիչներ: Dasaran կրթական հարթակում տեղ գտած նոր «Սուպեր Դավիթ» խաղի նպատակն է խաղայնացված ուսուցման մեթոդով նպաստել հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների (և ոչ միայն) շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանը, հաղորդել գիտելիքներ բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների դեպքում անվտանգության ապահովման և վարքականոնների վերաբերյալ, ինչպես նաև խրախուսել իրազեկ և դժվարին իրավիճակում օգնություն ցուցաբերող երեխաներին: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ով ընդգծեց անվտանգության մշակույթի ձևավորմանը կոչված գաղափարի կարևորությունը և նշեց, որ խաղի շնորհիվ աշակերտները ստանում են անգնահատելի մրցանակ՝ անվտանգ ապրելու երաշխիք: -Ինձ համար ուրախալի է տեսնել այս արդյունավետ համագործակցության արդյունքը. վստահ եմ, որ նախագիծը կօգնի ձևավորել աղետներին պատրաստ հասարակություն,-իր խոսքում նշեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Կարևորելով «Սուպեր Դավիթ» կրթական խաղի ընդգրկուն շրջանակը՝ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն ընդգծեց աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների իրազեկության կարևորությունը անվտանգ միջավայր ձևավորելու գործում: -Նախագիծը նվեր է բոլորին, քանի որ ուղղված է բնակչության մեջ դիմակայության մշակույթի ձևավորմանը, որն առավել կարևոր է, քան պարզապես գիտելիքը,- նշեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, ՓԾ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը: Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, շնորհակալություն հայտնելով նախագծի իրականացման բոլոր աջակիցներին, նշեց, որ խաղը հասանելի է Dasaran կրթական հարթակում գրանցված մոտ մեկ միլիոն օգտատերերի՝ աշակերտների, ուսուցիչների և նրանց ծնողների համար, ինչպես նաև ֆեյսբուքյան բոլոր օգտատերերին: Միջոցառման շրջանակում մասնակից մի խումբ աշակերտներ հնարավորություն ունեցան շրջայց կատարելու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում, փորձարկել նոր խաղը՝ մեծ ոգևորությամբ բացահայտելով անվտանգ ու ապահով մի նոր աշխարհ: Նշենք, որ նախագծի իրականացումը հնարավոր է դարձել Ճապոնիայի և Համաշխարհային Բանկի «Զարգացող երկրներում աղետների ռիսկի կառավարման ուղղորդման ծրագրի» (Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ կառույցի (GFDRR)) աջակցության շնորհիվ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: